08 11 2018

«Սարսափելի մարդ»․ Թրամփը վիճել է CNN-ի լրագրողի հետ



CNN-ի լրագրող Ջիմ Ակոստայի՝ Սպիտակ տանը մշտական հավատարմագրման գործողությունը դադարեցվել է մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփի հետ վեճից հետո։ Մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը լրագրողին քննադատել է և նրա պահվածքը կոպիտ համարել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։ 

«Նախագահ Թրամփը հավատում է ազատ մամուլին և ակնկալում ու ողջունում է սուր հարցերը: Սակայն մենք չեն հանդուրժի, որ լրագրողը հպվի աղջկան, որն ուղղակի փորձում է կատարել Սպիտակ տանը ստաժորի իր պարտականությունները… Այսօրվա միջադեպի հետևանքով Սպիտակ տունը դադարեցնում է լրագրողի մշտական հավատարմագրման գործողությունը մինչև հաջորդ իրազեկում»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Հայտարարության մեջ Ջիմ Ակոստայի անունը չի նշվում, սակայն  ակնհայտ է, որ խոսքը հենց նրա մասին է: Մամուլի ասուլիսի ժամանակ Ակոստան Թրամփին հարց էր ուղղել այն մասին, թե ինչու է նա Մեքսիկայի կողմից, այսպես կոչված, ներգաղթյալների քարավանի սահմանին մոտենալը ներխուժում անվանում, երբ նրանք անգամ չեն հասել ԱՄՆ տարածք: Թրամփը հարցին պատասխանել է, բայց Ակոստան շարունակել է հստակեցնող հարցեր տալ: Թրամփի դժգոհությունն են առաջացրել իր պատասխանի վերաբերյալ լրագրողի մեկնաբանությունները։ «Թույլ տվեք ես կառավարեմ երկիրը, իսկ դուք՝ CNN-ը։ Վե՛րջ, բավակա՛ն է»,- ասել է վրդովված Թրամփը՝ հասկացնելով, որ այլևս չի պատասխանելու Ակոստայի հարցերին։

Լրագրողը շարունակել է հարցեր տալ, նրան է մոտեցել մի աղջիկ, որը դահլիճում բարձրախոս էր տալիս, և փորձել է այն վերցնել, սակայն Ակոստան մի կողմ է թեքվել, իսկ երբ աղջկան հաջողվել է բռնել բարձրախոսը, այն կրկին հետ է քաշել: Միայն որոշ ժամանակ անց է նա համաձայնվել բարձրախոսը տալ:

Թրամփը նրան «կոպիտ, սարսափելի մարդ» է անվանել՝ մեղադրելով նաև գործընկերների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, որոնք նույնպես ցանկանում են իրենց հարցերը տալ:  Թրամփը նաև նշել է՝ CNN-ի համար պետք է որ ամոթ լինի նման աշխատակից ունենալը։

NBC-ի լրագրողը փորձել է պաշտպանել գործընկերոջը, ինչին Թրամփը պատասխանել է․ «Ես ձեզնով էլ հիացած չեմ, դուք ավելի լավը չեք։ Երբ կեղծ նորություններ եք տարածում, ինչը CNN-ը հաճախ է անում, ապա դուք ժողովրդի թշնամին եք»,- ասել է Թրամփը՝ նայելով Ակոստային։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ