07 11 2018

Լոնդոնում ձերբակալվել է ադրբեջանցի նախկին բանկիրի կինը

Լոնդոնում ձերբակալվել է ադրբեջանցի նախկին բանկիրի կինը

Լոնդոնի մագիստրատական դատարանը կալանավորել է ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջը՝ Զամիրա Հաջիևային հարստության աղբյուրների հետաքննության շրջանակներում։ Միայն Harrods հանրախանութում 16 մլն ֆունտ ծախսած կնոջը կարող են արտահանձնել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Վեստմինստերյան մագիստրատական դատարանի հաղորդագրությունում նշվում է, որ Հաջիևան ձերբակալվել էր նախորդ շաբաթ Ադրբեջանի իշխանությունների դիմումի հիման վրա։ Նրան միջոցների անօրինական յուրացման մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրող կողմը մտավախություն ունի , որ Հաջիեւան կարող է լքել երկիրը, ուստի պնդել է նրա կալանքի շուրջ։ Պաշտպանող կողմը միջնորդել է կնոջը տնային կալանքի տակ պահելու համար՝ նշելոբ, որ նա չի պատրաստվում լքել Բրիտանիան, որտեղ են գտնվում նրա երեխաները։

Դատավորը համաձայնել է 55-ամյա կնոջը 500 հազար ֆունտ գրավի դիմաց ազատ արձակել՝ թույլ տալով նրա կալանքը Նայթսբրիջի տանը։ Սակայն այդ որոշումը մեղադրող կողմը բողոքարկել է, և Հաջիեւան այս պահին գտնվում է կալանքի տակ։

Զամիրա Հաջիեւայից Բրիտանիայի ոստիկանները առգրավվել են ավելի քան 400 հազար ֆունտ արժողությամբ ոսկյա զարդեր: Կինն իրավապահների ուշադրությունը գրավել էր իր անսովոր շքեղ կենսակերպով։ Մասնավորապես, բանկիրի կինը հոկտեմբերին ավելի քան 16 միլիոն ֆունտ է ծախսել լոնդոնյան Harrods խանութում։ NCA աշխատակիցները առգրավել են մոտ 50 անուն թանկարժեք իրեր՝ գնված Christie's աճուրդային տնից։ Հաջիեւան պնդել է, որ իր հարստության աղբյուրը օրինական է եւ դիմել է դատարան։

Նշենք, որ կնոջ  ամուսինը՝ Ջահանգիր Հաջիեւը, 2016 թվականին Ադրբեջանում հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խարդախության ու յուրացումների մեղադրանքով։ Նա Ադրբեջանի պետական բանկի նախագահն է եղել։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ