05 11 2018

Պետրոս Ղազարյանն առաջիկայում հնարավոր է տեղափոխվի «Հանրային» ՀԸ

Պետրոս Ղազարյանն առաջիկայում հնարավոր է տեղափոխվի «Հանրային» ՀԸ

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը նոյեմբերի 5-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ «Կենտրոն« հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն առաջիկայում, հնարավոր է, տեղափոխվի «Հանրային» հեռուստաընկերություն: Նա նշեց, որ առաջիկայում մեկ հաղորդում են ունենալու հարցազրույցի ձևաչափով, և հնարավոր է, որ դա վարի Պետրոս Ղազարյանը: «Այժմ հեռուստաընկերության և  հաղորդավարի միջև բանակցություններ են ընթանում»,-ասաց նա: Հարցին՝ Պետրոս Ղազարյանն ունի ընդգծված քաղաքական հայացքներ և ԲՀԿ-ի ցուցակով մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին, Մարգարիտա Գրիգորյանն ասաց. «Յուրաքանչյուրը կարող է լինել կողմնակալ: «Հանրային» և մյուս հեռուստաընկերությունները չունեն ընտրություն կատարելու ճոխությունը:  Դաշտում լրագրողները, մեկնաբանները քիչ են, մասնագիտական լուրջ խնդիր կա: Եթե միակ խնդիրը դա է, ուրեմն հաղորդավարին պետք է բերել օբյեկտիվության դաշտ, քան զրկվել լավ մասնագետից»,-ասաց նա:

Խոսելով Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների գործով հարուցված քրեական գործի մասին նա ասաց, թեև հարուցված գործ կա, բայց դա չի որակում որպես չարաշահում. «Եթե դուք բացեք Քրեական օրենսգիրքը և տեսնեք, որ կա քրեական գործ՝ հարուցված փաստի առիթով, դա չի նշանակում, որ քրեական գործ է հարուցվել Հանրային հեռուստաընկերության նկատմամբ: Հարուցվել է փաստի առիթով, որտեղ բերված է երեք կետ, և դա հիմա քննության ընթացքում է: Երբ քննությունն ավարտվի, ինչպես ես, այնպես էլ դուք դրա պատասխանները կիմանանք:  Ես վստահ եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն իր գործառույթներում չի թերացել և կատարել է իր աշխատանքն առանց անօրինականությունների»:

Հարցին` դա կարո՞ղ է հանգեցնել պաշտոնանկությունների, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց, որ պաշտոնանկություններ միշտ են հնարավոր` յուրաքանչյուր ոլորտում: «Ինչ վերաբերում է իմ ենթակայության տակ աշխատող մարդկանց, ապա նման որոշում չկա, բոլորն աշխատում են շատ լավ, արդյունավետ, և մենք որոշակի օպտիմալացումներ ենք ունեցել, որոշակի հետաքրքրիր կառուցվածքային առաջխաղացումներ ենք ունեցել, այնպես որ` նման ինֆորմացիա չունեմ, եթե լինի, առաջինը դուք կիմանաք»,- ասաց նա: Դիտարկմանը, որ բոլոր ժամանակներում ընդդիմությունը բողոքում է Հանրայինի լրատվական թողարկումից, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց. «Երբևէ որևէ պարագայում և որևէ երկրում չկա այդպիսի հանրային հեռուստաընկերություն, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը: Հանրայինը մնում է պետական պաշտոնական հաղորդագրության կրողը: Ընդդիմությունը միշտ կարող է դժգոհել, բայց այլ կարևոր հարց էլ կա: Իսկ ինչպե՞ս անենք, որ ընդդիմությունից մեզ մոտ հյուր լինեն եթերում, օրերով խնդրում ենք, բայց մի շարք հաղորդումներ մնում են հենց այդպես, որովհետև կողմ չենք ունենում»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ էր բողոքում եթեր չտրամադրելու վերաբերյալ, նա արձագանքեց, որ իրենք պատգամավորին մի քանի անգամ հրավիրել են «Խաղի կանոններ» հաղորդմանը, որից հրաժարվել է, ընդ որում՝ նա ևս հեղինակել է դեբատների հաղորդում: Գրիգորյան հայտնեց, որ Աշոտյանը ցանկություն է հայտնել լինել հարցազրույցի ֆորմատում, չեն հրավիրել, քանի որ մեկ հաղորդում ունեն և մյուսի ավելացման դեպքում արդեն կհրավիրեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ