02  11  2018

Ինչո՞ւ է կասեցվել Ծառուկյանի հյուրանոցի շինարարությունը

Ինչո՞ւ է կասեցվել Ծառուկյանի հյուրանոցի շինարարությունը

Երեւանի Աբովյան 5-ում կասեցվել է ապօրինի շինարարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Աբովյան 5-ում կասեցվեց ապօրինի շինարարությունը: Կարիք եղավ ներգրավել նաև ոստիկանական ուժեր: Կառուցապատողները պետք է հասկանան, որ դիմադրելը սխալ է և միայն ավելորդ լարվածություն է առաջացնում:  Երևանում ապօրինություններ չեն լինելու»,–գրել է նա։

Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեներում իրականացվող առերևույթ ապօրինի շինարարությունը կասեցվել է՝ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը։

Այս առնչությամբ քաղաքապետարանի տարածած մամուլի հաղորդագրությունում ասվում է. «Երևանում շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է նախագիծը միջանկյալ համաձայնեցնել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ»:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ տվյալ կառույցների եզրակացություններն ստանալուց հետո միայն շինարարություն իրականացնող ընկերությունը դիմում է Երևանի քաղաքապետարան՝ ստանալու շինթույլտվություն:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների՝ այս հասցեում կառուցվում  է «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի երևանյան մասնաճյուղը։ Հյուրանոցի շինարարությունն իրականացնում է  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ