01  11  2018

ՀՀ-ն` ազատ համացանց ունեցող երկրների շարքում

ՀՀ-ն` ազատ համացանց ունեցող երկրների շարքում

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է աշխարհում համացանցի ազատության ամենամյա զեկույցը։

Այն կազմել է ավելի քան 70 մասնագետ՝ վերլուծելով 65 երկրի տվյալներ, որտեղ բնակվում է համացանցային օգտատերերի 87%-ը:

ՀՀ-ն ընդգրկվել է ազատ համացանց ունեցող պետությունների շարքում։ Այս տարի Հայաստանը 5 կետով առաջընթաց է արձանագրել։ Ընդհանուր առմամբ՝ զեկույցում ներառված պետություններից միայն 19-ում է արձանագրվել համացանցի ազատության մակարդակի բարձրացում, և Հայաստանն այդ երկրներից մեկն է:

«Հայաստանը մասամբ ազատ խմբից տեղափոխվել է ազատ խումբ: Դրան նպաստել է այն, որ ապրիլին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» ժամանակ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քաղաքական զարգացումները քննարկելու համար օգտվել սոցիալական հարթակներից, հաղորդակցային հավելվածներից, լայֆսթրիմինգային ծառայություններից»,-ընդգծել են զեկույցի հեղինակները:

Հարևան պետություններից Արդրբեջանը ներառվել է մասամբ ազատ, Վրաստանը՝ ազատ, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան՝ անազատ համացանցով երկրների շարքում:

Մասնագետների հաղորդմամբ՝ 2017թ. մայիսից 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում համաշխարհային համացանցը պակաս ազատ է դարձել: Արդեն 8-րդ տարին անընդմեջ Freedom House-ն արձանագրում է համացանցային ազատության անկում:«Մի շարք երկրների իշխանություններ լծվել են «թվային ավտորիտարիզմի» կառուցմանը՝ արգելափակելով ոչ ցանկալի տեղեկությունը»,-հայտնում են հեղինակները՝ շեշտելով, որ այս հարցում առաջատարը Չինաստանն է:

Նախորդ տարվա համեմատ 65 երկրից 26-ում համացանցի ազատության անկում է գրանցվել, և մեծ մասը՝ ընտրություններով պայմանավորված։

Վիրտուալ տիրույթում առավել կոշտ սահմանափակումներ կիրառած երկրներն են Եգիպտոսը, Շրի Լանկան, Կամբոջան, Քենիան, Նիգերիան, Ֆիլիպիններն ու Վենեսուելան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ