27 10 2018

Ստեղծվել է հայ-ռուսական համագործակցության ոչ ֆորմալ «Լազարյան ակումբ»

Ստեղծվել է հայ-ռուսական համագործակցության ոչ ֆորմալ «Լազարյան ակումբ»

ՀՀ-ում և ՌԴ-ում ապրող մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ հանդես են եկել «Լազարյան ակումբ» ստեղծելու նախաձեռնությամբ, որն ուղղված կլինի հայ-ռուսական կապերի ամրապնդմանը:

«Ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը մեկ հարյուրամյակ չէ, որ գոյություն ունի: Այդ ընթացքում մեր ժողովուրդները միասին վերապրել են և՛ կորուստների ցավ, և՛ հաղթանակների երջանկություն: Եղել են նաև իրար չհասկանալու և անվստահության ոչ հեշտ ժամանակներ, բարեբախտաբար, ոչ երկարատև։

Բայց մեր երկրների, մեր ժողովուրդների մոտ միշտ եղել է արդարության անհագ զգացում և խաղաղությունն ու վստահությունը պահպանելու ձգտում: Դա հատկապես պահանջված է հիմա, երբ միջազգային հարաբերություններում նկատվում են անկայունության, անհանդուրժողականության և անկանխատեսելիության նշաններ, սրվում և ուժգնանում են բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններ:

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը պետք է ուժեղ լինեն, որպեսզի հաղթահարեն իրենց կայուն զարգացմանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերները: Պատահական չէ, որ անկախության բոլոր փուլերում Հայաստանն ու Ռուսաստանն աջակցել են միմյանց, որի հաստատումն է համատեղ մասնակցությունը ԱՊՀ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այդպիսի իրավիճակում արդյունավետ և բեղմնավոր կարող է լինել միայն համատեղ, երկկողմ և բազմակողմ վստահությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարության հեղինակների կարծիքով՝ այդքանը, սակայն, բավարար չէ, առավել ևս հիմա: Կենսական կարևոր նշանակություն ունի երկու պետությունների ամենատարբեր՝ գիտական, մշակութային, պետական և հասարակական ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև բիզնես-կառույցների միջև ոչ ֆորմալ կապերի հաստատումը: 

«Որքան լայն և պարբերական լինեն նման շփումները, այնքան բարձր կլինի փոխադարձ վստահության մակարդակը Հայաստանի և Ռուսաստանի պետական և հասարակական կազմակերպությունների, մեր երկրների հասարակությունների միջև: Որպես ոչ ֆորմալ, ազատ և մշտապես գործող հարթակ հանդիպումների և կարծիքների փոխանակման համար՝ մենք՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հանդես ենք գալիս նոր քննարկման հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ՝ մեր քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության ամրապնդման համար: Առաջարկում ենք այն անվանել «Լազարյան ակումբ»»,- ասվում է հայտարարության մեջ: 

Ենթադրվում է, որ ակումբը կդառնա Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիների միավորման հարթակ, որը կինքնակազմակերվի հետևյալ հարցերի շուրջ. աջակցություն հայ-ռուսական հասարակական երկխոսությանը ամենատարբեր մակարդակներով, աշխատանքային, գործնական և գիտական կապերի հաստատում, պահպանում և ամրապնդում, ժողովուրդների փոխգործակցության խրախուսում, համատեղ հասարակական-քաղաքական նախաձեռնությունների և նախագծերի իրագործում և այլն: 

Հայտարարության մեջ նշվում է, որ «Լազարյան ակումբն» իր աշխատանքը կիրականացնի բաց և թափանցիկ՝ կազմակերպելով հանդիպումներ, «կլոր սեղաններ», հանրային լսումներ Ռուսաստանում և Հայաստանում: Ակումբը բաց է համագործակցության համար: 

Ակումբի ստեղծման հայտարարության տակ ստորագրել են գրող Զորի Բալայանը, քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, REGNUM գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, ջազմեն Լևոն Մալխասյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանը, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Դիալոգ» ռուսական հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ՌԴ Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը, քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը, Ռուսաստանի, ՀՀ-ի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանը, ՄԳԻՄՕ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարյանը և «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ