26 10 2018

10 պատճառ Հայաստան գնալու համար` ըստ adme.ru-ի

10 պատճառ Հայաստան գնալու համար` ըստ adme.ru-ի

Ռուսական ժամանցային adme.ru կայքը Երևանի 2800-ամյակի առիթով հատուկ անդրադաձ է կատարել մեր մայրաքաղաքին և ոչ միայն:

«Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Հայաստանում, անպայման վերադառնում են այստեղ՝ հոգևոր հանգստության, համեղ ուտեստների ու մաքուր օդի համար», - գրում է կայքը՝ նշելով, որ այստեղ այցելելու համար հերթական տոնին սպասել պետք չէ:

Առաջին անգամ մեր երկիր ճանապարհորդել պատրաստվող զբոսաշրջիկներին կայքը խորհուրդ է տվել մոռանալ դիետաների մասին, օգտվել հայերի անսահման հյուրընկալությունից, շրջել հնարավոր բոլոր հին վանքերով ու անպայման տրեխներ գնել ամենահին կաշվե կոշիկի երկրից:

Կայքն առանձնացրել է 10 պատճառ, որի համար արժե «թողնել ամեն ինչ ու շտապել Հայաստան»:

 1. Առաջին բանը, որ նկատում է Երևան ժամանող զբոսաշրջիկը, այն է, որ մեր քաղաքում բավականին շատ են բացօթյա սրճարանները, ինչի շնորհիվ էլ շատ զբոսաշրջիկներ Երևանն անվանում են «Արևելքի Փարիզ»: Իսկ ամենակարևորը՝ մեր քաղաքում երեկոյան նույնպես շատ ապահով է:

 

2.Հայաստանը՝ որպես քրիստոնեություն ընդունած առաջին երկիր, իրավամբ վաստակել է նաև աշխարհի ամենահին վանքերի երկիր կոչվելու իրավունքը: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել անպայման այցելել Հայաստանի հոգևոր կենտրոն՝ Էջմիածին, ինչպես նաև բաց չթողնել հրաշագեղ Նորավանքով զմայլվելու առիթը՝ երաշխավորելով աննկարագրելի զգացողություններ:

 

3.Հայաստանի «թերություններից» մեկը շատերը համարում են ծովի բացակայությունը, մինչդեռ առավել տեղեկացված զբոսաշրջիկները գիտեն, որ Սևանա լիճը հրաշալի այլընտրանք է ամռան տապից հովանալու համար:

Կայքը խորհուրդ է տալիս բաց չթողնել սևանյան հանգիստը հատկապես ձկան և ծովախեցգետինների սիրահարներին:

4.Հոդվածի հեղինակները գնահատել են ոչ միայն Կասկադում բազմաթիվ ժամանակակից արտ-օբյեկտները, այլև մի շարք պատկերասրահներն ու թանգարանները, որոնք մեր քաղաքում անպակաս են:

5.Ինչ նպատակով էլ որ զբոսաշրջիկը գա Հայաստան՝ ամեն այց պարտադիր վերածվում է գաստրոնոմիկ ճանապարհորդության, քանի որ խորովածի, քաբաբների, տարատեսակ սթեյքերի, շաուրմաների, տոլմաների ու հացի տեսականիներից այստեղ հրաժարվելն անհնարին է:

 

6.«Հայերի երակներում հոսում է ոչ թե կոնյակ ու գինի, այլ սուրճ»,- կատակով նկատում են հոդվածի հեղինակները՝ խորհուրդ տալով Հայաստանում անպայման վայելել տեղական արևելյան սուրճը:

7.Դե, իհարկե, ինչպես չհիշել մեր երկրում գտնված ու շուրջ 5500 տարվա կաշվե ոտնամանի մասին:

8.Նորավանքի ճանապարհին կան գյուղեր, որտեղ բույն է դրել արագիլների 40 զույգ: Այս անկրկնելի տեսարանը վայելելու համար արժե մի քանի րոպե կանգ առնել այստեղ:

9.Հայաստանը նաև հրաշալի վայր է նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են հանգստանալ մեծ քաղաքների աղմուկից ու նետվել բնության գիրկը:

10.Թեև հայ ժողովրդին բաժին է հասել հարուստ, բայց ծանր պատմություն՝ հայերը երբեք չեն դադարել մնալ հյուրասեր, օգնող և բարյացակամ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ