20 10 2018

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները Կառավարությունում էին

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները Կառավարությունում էին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունեց Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների: Հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները նշեցին, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարացմանը:

Աշխատակիցների հիմնական պահանջն էր ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից: Վարագ Սիսեռյանը նշեց, որ Տիգրան Ավինյանի գրասենյակը անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ և այժմ լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով:

Երկուշաբթի նախատեսվում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի արդյունքում ակնկալվում է, որ հստակ կլինի թե որ ուղղությամբ են հետագա աշխատանքները տարվելու:

Վարագ Սիսեռյանը նաև հավելեց, որ անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, անհրաժեշտ է աշխատանքներ տանել նոր ներդրումներ ներգրավվելու և հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որոնք կբերեն աշխատատեղերի ստեղծմանը և մարզերի, քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացմանը:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի փակմանը վերաբերող հարցերին:

«Ցանկանում եմ ընդգծել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում և ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը, երբ կկայանա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հերթական հանդիպումը»,- գրել էր նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ