16 10 2018

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգված է

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգված է

Խիստ մտահոգիչ է համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի տարածվածությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Նպատակային դիտարկումը վկայում է, որ այլակարծությունը շարունակում է արժանանալ անհանդուրժողական վերաբերմունքի՝ ուղեկցվելով նաև ագրեսիվ բնույթի արձագանքներով: Հաճախ հաշվի չի էլ առնվում արտահայտվող խոսքի բովանդակությունը կամ դա արվում է միայն կարծիք հայտնողի անձը հաշվի առնելով: Այս վիճակը շարունակվում է արդեն տևական ժամանակ և վտանգավոր է երկրում համերաշխության ու հանդուրժողականության և ի վերջո՝ մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից:

Մեր երկիրը ներկայում կանգնած է համակարգային բնույթի հիմնարար փոփոխությունների ու մարդու իրավունքների տեսանկյունից մարտահրավերների առաջ: Մենք պետք է բոլոր խնդիրների լուծումն ապահովենք համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում. սա է մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու և առկա խնդիրները լիարժեք լուծելու գլխավոր գրավականը: Դարձյալ հարկ եմ համարում արձանագրել, որ պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը կամ այդ սկզբունքներով առաջնորդվելը:

Բոլորին խնդրում եմ նկատի ունենալ այս դիտարկումները:

Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանցից հատկապես պահանջում եմ խստորեն պահպանել երկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը»,-նշված է պաշտպանի հայտարարության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ