15  10  2018

Չեչնիայի նախագահը Փաշինյան-Մակրոն պարից հետո մարաթոն սկսելու կոչ է արել

Չեչնիայի նախագահը Փաշինյան-Մակրոն պարից հետո մարաթոն սկսելու կոչ է արել

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարը տեսնելուց հետո քաղաքական գործիչներին հորդորել է  պարի մարաթոն սկսել։

Քադիրովը տելեգրամյան իր էջում քաղաքական գործիչներին առաջարկել է համացանցում կովկասյան պարեր հեշթեգով հրապարակել իրենց պարերը, գրում է ТАСС-ը։

««Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հրաշալի, բարի և բոլոր կովկասյան ժողովուրդներին օգտակար պարային մարաթոնի սկիզբ ազդարարել: Կարծում եմ՝ նախաձեռնությանը կաջակցեն ճանաչված քաղաքական ու հասարակական գործիչները: Յուրաքանչյուր քաղաքական գործչի և ղեկավարի խնդրում եմ հրապարակել իրենց պարերը #кавказскиетанцы #CaucasusDances #DancesOfTheCaucasus հեշթեգերով»,- իր ալիքում գրել է Ռամզան Քադիրովը, ում խոսքով` լեզուն ու պարը ազգի պահպանման համար կարևորագույն անհրաժեշտություններից են:

«Եթե խոսենք Կովկասի մասին, ապա պարերը համախմբում են մեր ազգերը: Այս մասին ես միշտ եմ հիշում»,- գրել է նա՝ ընդգծելով, որ Փաշինյանն ու Մակրոնը համերաշխ և տակտով պարում են կովկասյան պարերից մեկը:

Չեչնիայի ղեկավարը նաև հայտնել է, որ երկուշաբթի Գրոզնիում բացվում է Մահմուդ Էսամբաևի անվան պարերի միջազգային փառատոնը: Նա նշել է, որ տարածաշրջանում հարգարժան հյուրերի մասնակցությամբ նաև այլ մշակութային միջոցառումներ են տեղի ունենում: Քադիրովն այդպիսի միջոցառումներից մեկին հրավիրել է նաև Փաշինյանին ու Մակրոնին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տոնական ընթրիք էր կազմակերպվել: Ընթրիքի ժամանակ երկրների ղեկավարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պարում էին հայկական երաժշտության տակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ