11 10 2018

Մարալիկում հարձակվել են «ԱդեկվաԴի» նկարահանող խմբի վրա. Tert.am․ տեսանյութեր 18+

Մարալիկում հարձակվել են «ԱդեկվաԴի» նկարահանող խմբի վրա. Tert.am․ տեսանյութեր 18+

Տհաճ միջադեպ է արձանագրվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Մի քանի երիտասարդներ հարձակվել և քաշքշել են սոցիալական ցանցերում հայտնի «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին։

Միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում։ Կադրերում երևում է, որ մոտ 20 երիտասարդներ, դժգոհ լինելով «ԱդեկվաԴ»-ի թողարկումներից մեկում հնչած որոշ մտքերից, վիրավորել և հայհոյել են հաղորդման հեղինակներին, քաշքշել նրանց, որից հետո Ոստիկանության աշխատակիցները Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանության Մարալիկի բաժին։

Նարեկ Մալյանը պատմել է, որ իրենց վրա հարձակում է եղել այն ժամանակ, երբ իրենք Մարալիկի բնակիչներից հարցազրույց էին վերցնում։ «Մեզ մոտեցավ մի երիտասարդ, որին հետո 2-րդ անձը մոտեցավ, որը, հետագայում պարզվեց, Սաղաթելյան Մուշեղի եղբոր տղան էր, ու սկսեցին մեզ սպառնալ՝ ասելով, որ իրենք հավաքվում են ու մեզ հետ հաշվեհարդար են տեսնելու։ Նրանք պահանջեցին, որ մենք կյանքի սպառնալիքի տակ լքենք Մարալիկը, ինչին մենք չենթարկվեցինք։ Րոպեների ընթացքում նրանք շատացան՝ դառնալով 10-15 հոգի, ըստ էության, սա կազմակերպված էր, քանի որ մենք նախապես ուղերձ էինք հղել, թե ուր ենք գնում»,- Tert.am-ի հետ զրույցում պատմեց նա։

«Ըստ երևույթին՝ սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խուլիգաններն էին, որովհետև մեզ հակահեղափոխական էին անվանում։ Ասես՝ այն խումբն էր, որն այստեղ պահանջում է Մարալիկի քաղաքապետի հրաժարականը»,- նշել է Մալյանը։

Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է՝ ՄԻՊ-ն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։ Մարալիկում «Ադեկվադ» հաղորդման նկարահանող խմբի հետ կապված միջադեպի հանգամանքները գտնվում են ուսումնասիրության փուլում՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով։

Զգուշացում. տեսանյութերում հնարավոր է լսվեն անպատշաճ արտահայտություններ (18+)

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ