09 10 2018

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել նոր Ընտրական օրենսգրքում

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել նոր Ընտրական օրենսգրքում

Մինչ Ընտրական օրենսգրքի նախագիծը կհաստատվի գործադիրի կողմից և կուղարկվի ԱԺ, հանրային քննարկում է կազմակերպվել: Այս մասին հոկտեմբերի 9-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկմանն ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Նա նշեց, որ այս նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանը նվազագույնը 4 քաղաքական ուժից է ձևավորվելու նախկին 3-ի փոխարեն։ Նա նաև տեղեկացրեց, որ ընտրություններն անցկացվելու են համամասնական կարգով, ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է։

Դանիել Իոաննիսյանի տեղեկացմամբ՝ կուսակցությունների և դաշինքների համար մեկական տոկոսով իջեցվելու են անցողիկ շեմերը՝ նախկին 5 և 7 տոկոսների փոխարեն՝ դառնալով 4 և 6 տոկոս։

Նրա խոսքով՝ օրինականության պահպանման հետ կապված արդեն շատ փոփոխություններ են եղել, մասնավորապես, քրեական դատավարության և վարչական իրավախախտումների մասին օրենքներում, որոնք նախատեսում են ավելի խիստ պատիժներ ընտրակեղծիքների համար, օրինակ ընտրությունների արդյունքները կեղծելու համար պատիժը հասցվեց 8 տարվա նախկին 5-ի փոխարեն:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը նաև հայտնեց, որ ԸՕ բարեփոխումների նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՄԻԳ։

«Ժառանգություն», «Դեմոկրատական» և ԱԺԴ կուսակցություններն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի հանրային քննարկմանն առաջարկում են կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմերը ավելի նվազեցնել՝ դարձնելով 3 և 5 տոկոս, իսկ խորհրդարանը նվազագույն 4 քաղաքական ուժի փոխարեն ձևավորել 5 քաղաքական ուժից։

Ինչպես նաև երեք կուսակցություններ առաջարկում էին ընտրագրավը նվազեցնել, որովհետև կուսակցությունների համար այդպիսի մեծածավալ գումարը պահուստ դնելը որոշակի առումով խնդիր է առաջացնում։

Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ կուսակցությունների և դաշինքների համար մեկական տոկոսով իջեցվել են անցողիկ շեմերը՝ նախկին 5 և 7 տոկոսների փոխարեն դառնալով 4 և 6 տոկոս։ Իսկ նախկին 3-ի փոխարեն խորհրդարանը ձևավորված է լինելու նվազագույնը 4 քաղաքական ուժից։ Ընտրագրավը ևս արդեն նվազեցվել է՝ 10 մլն դրամի փոխարեն սահմանվել է 7․5 մլն դրամ։

Թե ինչու ընտրագրավը չի զրոյացվում, Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դրա հետևանքով բազմաթիվ խնդիրներ են առաջանալու:

«Օրինակ, եթե ընտրություններին մասնակցի 60 կուսակցություն։ Ո՞նց է ընտրողն այդ 60 քվեաթերթիկից ընտրելու կուսակցությունը, եթերաժամանակն ինչպե՞ս է լցվելու, հեռուստաբանավեճն ինչպե՞ս է տեղի ունենալու»,- ասաց նա:

Նոր նախագծով ընդլայնվում է նաև խորհրդարանում կանանց ներկայացվածությունը: Կանայք կլինեն 30 տոկոս նախկին 25-ի փոխարեն, իսկ ազգային փոքրամասնությունների մասով փոփոխությունը նախատեսում է, որ կուսակցությունը ամեն 19 մանդատի դիմաց կստանա 1 ազգային փորքամասնության տեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ