03 10 2018

Ամենաբարձր և ամենացածր վարկանիշով պաշտոնյաները

Ամենաբարձր և ամենացածր վարկանիշով պաշտոնյաները

Հոկտեմբերի 3-ին «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվա գնահատականը» հետազոտության արդյունքները։ Այն իրականացվել է ՀՀ ողջ տարածքում սեպտեմբերի 3-11-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը, որն անցկացվել է դեմ առ դեմ, մասնակցել է 1106 մարդ։

Արամ Նավասարդյանը նշեց, որ ըստ հարցման՝ քաղաքացիները նյութական, տնտեսական ապահովվածության առումով նախորդ տարվա նոյեմբեր ամսվա համեմատ էական տարբերություն չեն զգացել։ «Ինչպես եք գնահատում ձեր ընտանիքի նյութական, տնտեսական ապահովվածությունը ներկայումս հարցին հարցվածների 2․6 տոկոսը նշել է շատ լավ, 16․3 տոկոսը՝ լավ, 61․4 տոկոսը նշել է միջին, 12․9 նշել է վատ և շատ վատ՝ 6․3 տոկոս»,- նշեց Արամ Նավասարդյանը։

«Ինչպես են գնահատում մեր երկրի ներկա տնտեսական վիճակը․ այստեղ ունենք զգալի փոփոխություն։ Սրանք այն պատկերացումներն են, որոնք ունեն մեր քաղաքացիները։ «Շատ լավ» նշել է 1․7 տոկոսը, 9․5 տոկոսը նշել է «լավ», «միջին»՝ 46․7 տոկոս, 28 տոկոսը նշել են «վատ», «շատ վատ»՝ 10․7 տոկոսը։ Եթե նայում ենք միջին ցուցանիշին, այս տարի գրանցվել է 46․7 տոկոս, իսկ 2017 թ․-ի նոյեմբերին այդ տվյալները 26․3 տոկոս էին։ Գրեթե 20 տոկոսի չափ դրական աճ ունենք»,- հայտնեց Նավասարդյանը։

«Ձեր կարծիքով՝ դուք և ձեր ընտանիքը մեկ տարի հետո ներկա դրության համեմատ ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ կապրեք» հարցում նույնպես գրանցվել է մեծ դրական աճ։ Հարցվածների 13․5 տոկոսը կարծում է, որ զգալիորեն ավելի լավ կապրի, 47․5 տոկոսը՝ որոշ չափով լավ, 17․8 տոկոսը նշել է այնպես, ինչպես այժմ, որոշ չափով վատ նշել է 5․1 տոկոս և զգալիորեն ավելի վատ՝ 3․4 տոկոսը։ Զգալիորեն ավելի լավ և որոշ չափով լավ ցուցանիշը նոյեմբերի հետ համեմատ գրանցվել է 37 տոկոս աճ, այսինքն,  մարդկանց մոտ սպասումները ավելի դրական են։

«Հեղափոխությունից սպասումները արդարացա՞ն» հարցին 14․4 տոկոսը պատասխանել է, որ ամբողջությամբ արդարացան, 64․2 տոկոսը՝ որոշ չափով արդարացան, որոշ չափով չարդարացավ 7․6 տոկոս մոտ և 10․9 տոկոսի համար ընդհանրապես չեն արդարացել սպասումները։ 3․8 տոկոսը նշել է, որ հակահեղափոխություն միանշանակ տեղի ունենա, ավելի շուտ տեղի կունենա՝ 16․2 տոկոս և միանշանակ տեղի չի ունենա՝ 49․8 տոկոս»,- նշեց Նավասարդյանը։

ՀՀ վարչապետի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 89 տոկոսը, նախագահի աշխատանքը 76 տոկոսն է դրական գնահատում, կառավարությանը՝ 62․4 տոկոս և Ազգային ժողովինը՝ 24․4 տոկոսը։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը 100 օրերի ընթացքում գնահատականը ընդհանուր դրական տիրույթում է՝ 91․6 տոկոսը։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ամենաբարձր ցուցանիշը մեր հարցումներով եղել է 85․2 տոկոս»,- նշեց Արամ Նավասարդյանը։ Նոր կառավարության գործունեությունը 84  տոկոսը դրական է գնահատում։

Նավասարդյանը ներկայացրեց նաև առանձին նախարարների գործունեության գնահատականի պատկերը։ Համաձայն վիճակագրական հարցումների՝ նախարարներից ամենացածր վարկանիշն ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ամենաբարձրը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

1-5 բալային սանդղակում 4-ից բարձր գնահատական են ստացել 5 գերատեսչությունների ղեկավարներ՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյան՝ 4․35, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան՝ 4․56, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան՝ 4․39, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան 4․09, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան՝ 4․1 բալ։ Ամենացածր գնահատականը նախարարներից ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ 3․37 բալ ցուցանիշով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ