26 09 2018

Արմավիր-Երևան երթուղու նոր մեքենաները կհանձնվեն շահագործման. ՏԿՏՏ փոխնախարար

Արմավիր-Երևան երթուղու նոր մեքենաները կհանձնվեն շահագործման. ՏԿՏՏ փոխնախարար

Ձեռք է բերվել պայմանավորվածություն «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ, ըստ որի Արմավիր-Երևան երթուղու նոր մեքենաների փոխարինումը կիրականացվի միկրոավտոբուսային երթուղում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն՝ անդրադառնալով երեկ կառավարության շենքի դիմաց Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարորդների բողոքի ակցիային:

Հիշեցնենք, որ Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի վարորդներն միկրոավտոբուսները կայանել էին կառավարության շենքի առջև և բողոքի ակցիա են իրականացնում։ Վարորդները հրաժարվում են սպասարկել Արմավիր-Երևան երթուղին՝ պատճառաբանելով, որենց համար նոր խոչընդոտներ են ստեղծվել.

«Սկսվել էին բանակցություններ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության և «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի միջև: «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի ցանկությունն էր, որ բոլոր մեքենաները շահագործվեն ավտոբուսային երթուղում, որը հետագայում կկաշկանդեր միասնական երթուղային ցանցի կազմավորմանը»,-գրել է փոխնախարարը, ապա շարունակել. «Քիչ առաջ ձեռք բերվեց պայմանավորվածություն «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ՝ որպես փոխզիջում, ըստ որի նոր մեքենաների փոխարինումը կիրականացվի միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցներն իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից, և վաղը կպատրաստենք հրաման՝ նոր մեքենաների շահագործման համար»:

Նա հավելել է, որ կառավարության շենքի դիմացից դուրս են բերվել կայանված մեքենաները: «Ուրախ ենք նոր տրանսպորտային միջոցների ներգրավվմանը Երևան-Արմավիր երթուղիում, որը հանրությանը կապահովի ապահով և հարմարավետ փոխադրումներ»,-եզրափակել է փոխնախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ