22 09 2018

Ովքեր դժվարանում են բան ասել, թող աշխատանքից հեռանալու դիմում գրեն. Նիկոլ Փաշինյան

Ովքեր դժվարանում են բան ասել, թող աշխատանքից հեռանալու դիմում գրեն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտմեբրի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նրան ուղեկցում է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և տարածքային զարգացման նախարարը Սուրեն Պապիկյանը:

Արարատի մարզպետարանում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ վարչապետը հետաքրքրվեց, թե մարզում քանի՞ հեկտար կաթիլային ոռոգվող տարածք կա և քանի հակակարկտային կայան, սակայն մարզպետ Գարիկ Սարգսյանը տվյալների չէր տիրապետում: Փաշինյանը նկատեց, որ յուրաքանչյուր օր խոսում են այդ խնդիրների մասին` առանց տվյալների տիրապետելու:

«Ամեն օր դրա մասին խոսում ենք, հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում, իսկ մարզն այս տարի կարկուտից տուժել է»,-ասաց Փաշինյանը:Արարատի մարզպետի խորհրդականը ասաց, որ մարզում 99 հակակարկտային կայան կա, որոնք տեղաբաշխված են մասնագիտորեն. «Կայանները որոշ չափով արդյունավետ են գործում հատկապես մեր մարզում, որովհետև տեղաբաշխված են մասնագիտորեն: Մի կայանի արժեքը 5-6 մլն դրամ է»:

Վարչապետը նկատեց, որ շատ է խոսվում, որ այդ կայաններն անարդյունավետ են. «Հարցրի, թե անարդյունավետ չե՞ն, ինքն ասաց, որ այդ պահից սկսած իր այգիները կարկուտից չեն տուժել, պարզապես նորմալ գազով են լիցքավորում: Երբ ես վարչապետ էի նշանակվել, ասացին, որ Սուրենավանում ուժեղ կարկուտ է տեղացել: Ես հարցրի՝ հակակարկտային կայաններ տեղադրվա՞ծ են, պարզեցին, որ կայաններ կան, բայց լիցքավորած չեն եղել»:

Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանն ասաց, որ կայանն անսարք է եղել, ինչին հակադարձեց մարզպետը, ասելով, որ չորս կայաններից մեկը լիցքավորված չի եղել, քանի որ գյուղապետը նախորդ տարվանից գումարը չի փոխանցել. «Ձեր փոխանցում չկատարելու ու պարտքերի պատճառով մի կայանը չի աշխատել, և երեք կայանները կարկտային ամպն ուղղել են դեպի չորրորդ կայանը, որը չի աշխատել և այդ կարկուտը ջարդվել է 120-130 հա ծիրանի այգիների գլխին»:

Վարչապետը հարցեց, թե հիմա սուրենավանցիները ակնկալու՞մ են, որ կառավարությունը նոր կայան պետք է տա իրենց. «Իսկ չե՞ք կարծում, որ դուք պետք է այդ փոխհատուցումն անեք, որովհետև ձեր աշխատանքը նորմալ չեք արել: Ասենք, ամեն ինչ արվում է, որ կարկուտը գա, ջարդի, վերջում գան, ասեն՝ կառավարությո´ւն, փոխհատուցի, սա ի՞նչ աշխատանքի ձև է»:

Վարչապետը գյուղատնտեսության նախարարին հրահանգեց ուսումնասիրել, թե ինչ գազով են աշխատում «Արմաս» գործարանի հակակարկտային կայանները, որովհետև այդ կայանների տեղադրումից հետո կարկտահարությունից երբևէ չի տուժել: Փաշինյանը հետաքրքրվեց նաև լոլիկի բերքի հետ կապված խնդիրների մասին,հարցնելով, թե որո՞նք են պատճառները, որ լոլիկի բերքը չստացվեց: Համայնքի գյուղատնտեսության մասնագետները նշեցին, որ հիմնական պատճառը լոլիկի ցեցն է, որի դեմ շատ դժվար է պայքարել բաց դաշտերում: Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ լոլիկի ցեցի դեմ պայքարի հարցը քննարկվել է գյուղատնտեսության ՊՈԱԿ-ների հետ, նրանք դժվարացել են որևէ բան ասել:Վարչապետն էլ արձագանքեց, որ հինգ տարի է` այդ խնդիրը կա, սակայն ՊՈԱԿ-ները դժվարանում են բան ասել, դա տարակուսելի է:

«Երբ մենք ասում ենք, որ այդ ՊՈԱԿ-ները պետք է փակել, ասում են` ինչու՞ եք փակում: Իրենց գործը օգնելն է, ոչ թե դժվարանալ բան ասելը, կհավաքեք բոլորին, թող պլան մշակեն, մեկ ամսվա ընթացքում, թե ոնց են պատկերացնում լոլիկի ցեցի դեմ պայքարը: Ովքեր դժվարանում են բան ասել, թող աշխատանքից հեռանալու դիմում գրեն: Եթե լոլիկի ցեցի դեմ պայքարելը հնարավոր չի ստացվում է, որ հաջորդ տարի կկրճատվեն լոլիկի ցանքատարածությունները, շուկայում ճգնաժամ կսկսվի: Մեր ազնիվ ցեղը կորչելու է հա՞, Հայաստանում էլ լոլիկ չի աճեցվելու՞: Թուրքիայում ցեց չկա՞, բա ո՞նց է, որ էնտեղից համ ցեցն է գալիս, համ լոլիկը, իսկ մեր մոտ ցեցը հերիքում է, իսկ լոլիկը` ոչ»,- ասաց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ