21 09 2018

Արամ Ա. Կաթողիկոսի ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ

Արամ Ա. Կաթողիկոսի ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի առթիվ հայ ժողովրդին ուղերձով է դիմել Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.-ն՝ անդրադառնալով հայ ժողովրդի անկախության կերտման և վերակերտման հավաքական հավատքին, ամուր վճռականությանն ու միասնականության հրամայականին:   Վեհափառ Հայրապետը նշել է, որ անկախ հայրենիքը, բնականաբար, ունեցել է թերություններ ու հաջողություններ, սակայն շարունակել է հայրենաշինության աշխատանքը՝ շնորհիվ մեր ժողովրդի գործուն մասնակցության։ «Հայրենիքը հզորացնելն ու ծաղկեցնելը սովորական գործ չէ ու չի կարող լինել, այն առաքելություն է գերազանցապես,-ընդգծել է Հայրապետն՝ ավելացնելով,-ներկա Հայաստանը դեմ հանդիման է նոր մարտահրավերների, որոնց դիմագրավումը հայ ժողովրդի բոլոր զավակների գիտակից մասնակցությունն է պահանջում»: Նորին Սրբության խոսքով՝ անկախության օրը ցնծության օր է. միաժամանակ հրավեր է՝ իրապաշտ ոգով ու քննական հայացքով ինքնաքննության համար, որպեսզի նպատակասլաց կերպով կարողանանք կերտել հայրենիքի ապագան:

Խոսելով Հայաստանի ներկա կացության մասին, Վեհափառ Հայրապետը նշել է, որ «հայրենիքը գտնվում է տագնապներով լի խաչմերուկի դիմաց, որի համար ազգի ներքին միասնականությունը հրամայական անհրաժեշտություն է»։ Հետևաբար, Նորին Սրբութիւնը կոչ է արել հեռու մնալ ներքին բևեռացումներ ու լարվածություն առաջացնող մոտեցումներից ու արտահայտություններից, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում:

«Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ. մեր միակամությունը հզորության աղբուր է և երաշխիքն է մեր հայրենիքի ու ժողովրդի հաջողության»,-ասել է նա: Ապա, անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին, Հայրապետը թվարկել է այն տագնապները, որոնց դիմակայելու համար համահայկական ճիգեր են անհրաժեշտ, օրինակ՝ Հայաստանում օրինականության ամրապնդումը, հայ ժողովուրդին կենսամակարդակի բարելավումը, տնտեսական կյանքի ծաղկումը, արտագաղթի կասեցումը, Արցախի անկախության ամրապնդումը և Հայաստանի միջազգային հարաբերությունների ընդլայնումը: Վեհափառ Հայրապետը շեշտել է հայոց բանակի առանցքային դերն անկախության պահպանման հարցում.

«Մեր նոր օրերի թշնամիներից գիշեր ու ցերեկ պաշտպանողը մեր արի տղաներն են՝ մեր նոր օրերի հերոսները: Մենք հայոց բանակին հետ ենք՝ բառի ամբողջական իմաստով»,- շեշտել է նա: Անդրադառնալով հայ ազգի գոյատևման պայքարում հայ եկեղեցու ունեցած դերակատարության՝ Արամ Ա.-ն ասել է. «Հայ եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի հոգևոր հեղափոխությամբ, Ս. Մեսրոպ Մաշտոցի մշակութային հեղափոխությամբ եւ Խրիմյան հայրիկի մարտունակութեամբ, Հայաստանի անկախության դրոշակակիրն է դարձել: Մեր եկեղեցին մեր պատմության բոլոր ժամանակներում իր արյունն է թափել Հայաստանի անկախության համար, որովհետեւ մեր եկեղեցին մեր ժողովուրդն է։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեր եկեղեցին կոչված է շարունակել իր հավատքի առաքելությունը և ժողովուրդին ծառայելը՝ միշտ մնալով հայրենիքի կողքին, ջատագովը հանդիսանալով մեր հայրենիքի անկախության»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ