17 09 2018

Խմբագրությունում խուզարկության փաստը մտահոգիչ է, ոչ պրոֆեսիոնալ քննություն են տանում. ԶԼՄ ղեկավարներ․ Tert.am

Խմբագրությունում խուզարկության փաստը մտահոգիչ է, ոչ պրոֆեսիոնալ քննություն են տանում. ԶԼՄ ղեկավարներ․ Tert.am

Առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, որ գաղտնալսումների ապացույց փորձում են գտնել լրատվամիջոցում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով «Yerevan.today» կայքի խմբագրությունում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից անցկացվող խուզարկությանը:

«Ինձ թույլ կտամ եզրակացություն անել, որ որքան ոչ պրոֆեսիոնալ են եղել, որ թույլ են տվել իրենց գաղտնալսեն և տարածեն, նույնքան էլ ոչ պրոֆեսիոնալ քննություն են տանում այդ ուղղությամբ: Տարրական տրամաբանություն է, որ լրատվամիջոցն օգտվել է Youtube-ում տեղադրված լինկից, տեղադրել դա իր մոտ, ինչպես մյուս բոլոր լրատվամիջոցները: Իրականում google-ի հետ կապված տեխնիկական խնդիր է եղել, որը սխալ է ցույց տվել տեղադրման ժամանակը»,- նշեց Արմինե Օհանյանը:

«Խնդիրը նա է, որ մեր նախաքննության մարմիններն ուղղակի ի վիճակի չեն իրականացնել ոչ մի աշխատանք պրոֆեսիոնալ մակարդակով: Եվ հիմա բանը հասել է այնտեղ, որ գաղտնալսումների հետքերը փորձում են փնտրել լրատվամիջոցներում: Ինչ լրատվամիջոց ուզում է լինել, ում անվան հետ ուզում է կապված լինել, չի կարելի մտնել լրատվամիջոց և այնտեղ խուզարկություններ անել այսպիսի անորոշ, չձևակերպված, անհեթեթ տեղեկատվությամբ»,- ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը:

«Ասում են նաև, որ «Հայկական ժամանակի» «հետաքննող լրագրողները» պարզել էին, որ 2 լրատվամիջոցի մոտ է ցույց տալիս՝ իբր մի քանի օր առաջ տեղադրել են հեռախոսազրույցի տեսանյութը, հետո ջնջել դա: Ուղղակի ծիծաղելի է, որ մեր քննչական մարմինները, ոստիկանությունը առաջնորդվում են մամուլի հրապարակումներով: Ենթադրում էի, որ շատ ավելի լուրջ հետաքննություն կգնա, և այստեղ կարող է լինել այլ երկրների հատուկ ծառայությունների մասնակցությամբ աշխատանք»,- նշեց նա:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ լրատվամիջոցի խմբագրությունում կատարվող խուզարկության փաստն, ինքնին, մտահոգիչ է: Ըստ նրա՝ իրավական ցանկացած գործընթաց չպետք է խոչընդոտի լրագրողների մասնագիտական գործունեությանը:

«Լրատվամիջոցներն անկախ քաղաքական կոնյունկտուրայի փոփոխությունից պետք է ազատ գործեն: Հասկանալի է, որ մեր երկրում տեղի ունեցած աղմկալի իրադարձության գործով նախաքննություն է իրականացվում, բայց, նորից եմ կրկնում, դա չպետք է լինի լրատվամիջոցների աշխատանքի հաշվին: Համենայնդեպս «Yerevan.today» կայքի խմբագրությունը հայտարարել է, որ իրենց աշխատանքը խաթարված է»,- հայտնեց Թ. Թովմասյանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ