13 09 2018

Շարունակվում է ՀՖՖ գործկոմն իշխանության յուրայիններով համալրելու արատավոր պրակտիկան․ քաղաքագետ

Շարունակվում է ՀՖՖ գործկոմն իշխանության յուրայիններով համալրելու արատավոր պրակտիկան․ քաղաքագետ

ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված պիտի լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե օրվա իշխանության յուրայիններ ու պաշտոնյաներ: Այս մասին ասված է քաղաքագետ Գագիկ Համբարյանի բաց նամակում, որը նա ուղղել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Քաղաքագետն իր նամակում հիշեցրել է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի առաջիկա հնարավոր կազմի մեջ է մտնում նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ապա հարցրել, թե սկանդալների մեջ հայտնված նախարարն ինչ սկզբունքով է այնտեղ ընդգրկվել: Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժան պարոն Վանեցյան, այսօր հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առաջիկա հնարավոր կազմը, որը, անկեղծ ասած, տարակուսանք է հարուցել հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների շրջանում:

Անկախ Ձեր հանդեպ ունեցած անվերապահ վստահությունից՝ ստիպված ենք արձանագրել, որ փաստացի, պաշտոնապես հաստատվեց մեր մտահոգություններն ու մամուլի հրապարակումները, համաձայն որոնց՝ շարունակվում է ՀՖՖ գործադիր կոմիտեն իշխանության յուրայիններով համալրելու նախորդների արատավոր պրակտիկան:

Ինչպես նախորդ իշխանության օրոք, այս անգամ ևս գործկոմի կազմում են ընդգրկվել իշխանական պատգամավորներ, նախարարներ ու կառավարության այլ անդամներ: Այլ կերպ ասած, մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն ֆուտբոլային աշխարհի հետ, և նրանցից որոշների միակ արժանիքը կառավարության անդամ լինելն է:

Եթե նախկինում ֆեդերացիայի գործկոմի կազմում ընդգրկված էին ՀՀԿ-ականներ, այսօր արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են նրանց փոխարինել: Այսինքն՝ մոտեցումներն ու սկզբունքները նույնն են մնացել: ՀՀ վարչապետի ու նոր կառավարության հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ՝ խնդրում ենք բացատրել ի՞նչ սկզբունքով է որոշվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում ընդգրկել, օրինակ, Առողջապահության նախարարին, ով նախարար նշանակվելուց անմիջապես հետո բազմաթիվ սկանդալների հեղինակ է և իր գործողություններով ու հայտարարություններով արժանացել իր իսկ ղեկավարած ոլորտի մասնագետների, մեղմ ասած, բացասական վերաբերմունքին:

Եթե իրոք նախարարն ուներ զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիր, ինչո՞ւ էր զորակոչվել, իսկ եթե չուներ խնդիր ու ծառայության ընթացքում է ձեռք բերել այդ ծանր հիվանդությունը, ինչպե՞ս է այն համատեղում ՀՀ նախարարի պաշտոնի հետ և ինչպե՞ս է այն համատեղելու ՀՖՖ գործկոմի անդամի պարտականությունների հետ: Ուսումնասիրեք, պարո՛ն Վանեցյան, բժշկական հանրությունը վստահ է, որ հաստատ հետաքրքիր բացահայտումներ կլինեն: Հիմա դառնալով բուն թեմային՝ ժամանակն է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե օրվա իշխանության յուրայիններ ու պաշտոնյաներ: Ժամանակն է գործնականում ապացուցեք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ու ֆուտբոլի նկատմամբ պետության վերաբերմունքի հարցում ևս իրավիճակ է փոխվել: Վերջապես, բոլորս էլ ուզում ենք ուրախանալ մեր ֆուտբոլի հավաքականի հաջողություններով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ