10  09  2018

«Ժառանգության» վարչության անդամն ու կուսակցության համակիրն ազատ են արձակվել

«Ժառանգության» վարչության անդամն ու կուսակցության համակիրն ազատ են արձակվել

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը ։«Նոր տեղեկացանք, որ Հովսեփ Ղազարյանն ու Վահագն Հովհաննիսյանը ազատ են արձակվել: Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,– ասվում է «Ժառանգությանն» ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

«Ժառանգություն» կուսակցությունն ավելի վաղ ահազանգել էր, որ կուսակցության վարչության անդամն ու կուսակցության համակիրը բերման են ենթարկվել։ «Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին։ Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ Ժառանգության քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որևէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին: Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը: Այնտեղ է նաև փաստաբանը, ում արդեն 15 րոպե է՝ ներս չեն թողնում: Տղաների հետ հնարավոր չի կապվել նաև հեռախոսով: Հավանաբար առաջին արած ահազանգից հետո ձեռքներից խլել են: Մենք սպասում ենք Ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, News.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովի մոտակայքից «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին բերման ենթարկելու դեպքին, նշել է, որ ոստիկանության կողմից տեխնիկական վրիպում է եղել։ 

Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ոստիկանության բաժանմունքում իրենց համախոհներին են այցելել փաստաբաններ Վահագն Ջիվանյանը և Գիվի Հովհաննիսյանը, ինչից հետո տղաներն ազատ են արձակվել։

Նրա խոսքով՝ կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը բաժնում գրել է, որ իր հետ կատարվածն ապօրինություն է, իսկ Հովսեփ Ղազարյանը հրաժարատվել է բողոք գրելուց։

«Մեր տղաները հակաօրինական որևէ բան չեն արել: Մենք ապրիլին ունեցել ենք բազմաթիվ նմանատիպ դեպքեր, «Մերժիր Սերժին» գրառումով  գրաֆիտ է արվել փողոցներին, պատերին և որևէ մեկը դրա համար ոչ բերման է ենթարկվել և ոչ էլ պատասխանատվություն կրել: Նախադեպային իրավունքով մենք օգտվել ենք դրանից»,- նշեց Մարտիրոսյանը։ «Պարզապես ոստիկանության կողմից տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել։ Հույս ունեմ, որ այլևս նման դեպք չի կրկնվի»,-ասաց Մարտիրոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ