04 09 2018

Չկա մարդ, որը պատասխանատու է տնտեսության համար. Կարեն Քոչարյան

Չկա մարդ, որը պատասխանատու է տնտեսության համար. Կարեն Քոչարյան

Այն, որ Ռուսաստանը պաշտպանում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սա չի նշանակում, որ չի պաշտպանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ 

«Եթե հիշում եք ՌԴ-ն ավելի շատ աշխատել է կացնային ռեժիմով, օրինակ՝ ապրիլյան օրերին ընդհանրապես չխառնվեցին, ավելին՝ իրենց պահեցին մաքսիմալ դիվանագիտական և միջազգային չափանիշներին համապատասխան, որից հետո ընդունեցին Նիկոլ Փաշինյանին և, կարծես թե, խնդիր չկար։ Բայց, որ հիմա կա խնդիր, ես դա տեսնում եմ: Բայց այն սեպտեմբերի 8-ի հանդիպումից հետո կարող է շատ արագ լուծվել կամ ընդհակառակը՝ խորանալ»,– նշեց քաղտեխնոլոգը։

Նրա համոզմամբ՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությունը շատ լուրջ քաղաքական մեսիջներ է պարունակում: 

«Ռուսական մամուլը մեծ ազդակներ է տվել մինչ Լավրովի հայտարարությունը: Բավական կոշտ գնահատականներ են տվել, որոշ դեպքերում չափերն անցել են: Եթե ասվում է, որ եղել են պայմանավորվածություններ՝ չկպնել նախկին իշխանություններին, չեն կարող պատահական լինել, ուրեմն եղել են: Լավրովը չի կարող հենց այնպես ասել, որ այդ խոստումները խախտվում են»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ՌԴ-ում ապրող հայ գործարարներին ներքին կարգով ասված է, որ Հայաստան գումար չուղարկեն։

«Սա պարզ սխեմա է: Լավրովի առաջին մտահոգությունից 2 օր հետո Լարսում հերթ առաջացավ: Հենց այնպես առաջացա՞վ: Ասացին, որ ամեն տարի այս սեզոնին հերթեր առաջացնում են: Աստված իրենց հետ, եթե այդպես են բացատրում, կա իրականություն»,- մանրամասնեց Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգի խոսքով՝ Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները քննարկվելու են, չնայած՝ հրապարակային առայժմ անհանգստություն է հայտնվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ տեղի ունեցած իրադարձության շուրջ: «ՌԴ-ն կարծում է, որ խաղում են կառույցի հեղինակության հետ: Մամուլում ասում են՝ հետ կանչեիք, հետո ձեզ մոտ, արդեն որպես ՀՀ քաղաքացի, ինչ ուզում էիք անեիք»,- նշեց նա:

Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարածմտքին, որ ինքը կարող է դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն, քաղտեխնոլոգը նշեց.

«Եթե Ռոբերտ Քոչարյանը դառնա կոնսոլիդացիոն կենտրոն, «Լույս» դաշինքը կդաշնակցի ՔՊ-ին, Հանրապետականն ու Դաշնակցությունը կսատարեն Ռոբերտ Քոչարյանին, իսկ ԲՀԿ-ի պարագայում չի երևում՝ ինչ կարող անել։ ԲՀԿ-ն զգույշ ուժ է և սիրում է լինել մեջտեղում»,–նշեց նա։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը խոսեց, թե ինչով է պայմանավորված, որ Կառավարության գործունեությունից 100 օր անց էլ երկրում շարունակում են խնդիրները մնալ։

Քաղտեխնոլոգը այդ խնդիրների առկայությունը կապել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ. «Ես միշտ կողմ եմ եղել երիտասարդ կադրերին, սակայն դա դեռ չի նշանակում, որ  երիտասարդը պետք է լինի առաջին դեմք։ Նա պետք է աճի՝ այսինքն՝ փորձ ձեռք բերի։ Էլի խնդիր չէ, կարող են փորձ ձեռք բերել, բայց փորձ կարելի է ձեռք բերել չեմ ասում օգուտներով, բայց գոնե առանց վնասների և կարելի է փորձ ձեռք բերել վնասներով»,– նշեց նա:

Կարեն Քոչարյանը շեշտեց՝ չկա մարդ, որը պատասխանատու է տնտեսության համար և ում վարչապետը հանձնարարական է տալիս և հետո պահանջում այդ հանձնարարականի կատարումը։ 

«Եթե կան մարդիկ, որոնք իրենց տեղում չեն, ուրեմն, այդ մարդկանց պետք է փոխել։ Եթե տեսնում են՝ չի կարողանում աշխատել կառավարությունում, փոխում են և ամբողջ աշխարհում այդպես է»,-եզրափակեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ