28 08 2018

Երրորդ անգամ վերջապես ամուսնացա նրա հետ, ում մասին երազել էի․ Շառլ Ազնավուր

Երրորդ անգամ վերջապես ամուսնացա նրա հետ, ում մասին երազել էի․ Շառլ Ազնավուր

94-ամյա շանսոնյե, կոմպոզիտոր, պոետ, գրող և պարզապես լեգենդար հայ Շառլ Ազնավուրը չի դադարում հանրությանը զարմացնել անգամ տասներորդ տասնամյակում։ Նա համաշխարհային տուր է կազմակերպում, շարունակում երգեր գրել, դաստիարակում է թոռնիկներին և ընդհանրապես վայելում է կյանքը։ Maxim-ը որոշել է, որ այժմ լեգենդի հետ զրուցելու ճիշտ ժամանակն է։

Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույցում բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը, ինչպես նաև պատմել ընտանիքի և անձնական կյանքի մասին։ Ազնավուրը նշել է, որ արդեն 40 տարի է, ինչ չի ծխում և չի օգտագործում թունդ ալկոհոլային խմիչքներ, առողջ սնունդ է օգտագործում և զբաղվում է լողով։

94-ամյա շանսոնյեն անդրադարձել է կնոջ՝ Ուլլա Տորսելի հետ փոխհարաբերություններին՝ շեշտելով, որ երջանիկ ամուսնության գաղտնիքը հարաբերություններում անկեղծ լինելն է։

«Առաջին անգամ ես ամուսնացել եմ, երբ շատ երիտասարդ էի։ Երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի։ Երրորդ անգամ ես վերջապես ամուսնացա նրա հետ, ում մասին միշտ երազել էի՝ բաց գույնի աչքերով և մետաքսյա մաշկով շիկահերի հետ: Բացի այդ, Ուլլան ինձնից փոքր է 17 տարով։ Իմ կարծիքով՝ հրաշալի տարիքային տարբերություն է։ Երկարատև ամուսնության գաղտնիքը միմյանց կողքին առավել  անկեղծ պահելու և կողակցին ուզածն ասելու մեջ է։ Թեև հիմա բոլորին եմ ասում ճշմարտությունը: Կարող եմ ինձ թույլ տալ դա անել իմ տարիքում»,- ասել է Ազնավուրը։

Շանսոնյեն պատմել նաև է իր ստեղծագործական պլանների մասին՝ վստահություն հայտնելով, որ իր 100-ամյակը կնշի բեմի վրա։ «Ծրագրում եմ համերգ 2024 թվականի մայիսի 22-ին՝ ծննդյանս 100-ամյակին։ Հետո տեսնենք»,- նշել է Ազնավուրը՝ հավելելով, որ մտադիր չէ «մեռնել տանը՝ բազկաթոռին նստած»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ