18 08 2018

Ոստիկանության զորքերի 1-ին հերթափոխը կմեկնի Տավուշի մարտական դիրքեր



Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ: Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու: Եվ խորհրդակցության նպատակն էր մարտական հերթափոխից առաջ ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը, տալ համապատասխան հրահանգավորումներ:

«Ոստիկանության զորքերը առանձնանում է իր կարգապահությամբ, և այսօր ձեր ծառայությունից է նաև կախված ոստիկանության հեղինակությունը: Դուք ունեք տարիների փորձ, բավարար պատրաստվածություն, նաև այնպիսի հրամանատարներ, որ մարտական ուղի են անցել, և ավելի քան վստահ եմ, որ կարող եք պատվով կատարել ձեր առաջ դրված մարտական առաջադրանքը»,- ասել է ոստիկանության պետ:

Վալերիյ Օսիպյանը հիշեցրել է, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերը, որքան կազմակերպված և պատվով կատարել է իր խնդիրը, օրինակ է բերել, թե ոստիկաններն ինչպես էին հերոսաբար կռվում Արցախյան ազատամարտի տարիներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայության հետ կապված այլ հարցեր ևս:

Ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Հակոբյանը զեկուցել է, որ մարտական հերթափոխի մեկնող զորամասը պատրաստ է իր առաջ դրված խնդիրները կատարելու: Վալերիյ Օսիպյանը ոստիկաններին անփորձանք ծառայություն է մաղթել. «Ինքս առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու եմ դիրքերում, ձեր կողքին: Պատիվ ունեմ ծառայելու ձեզ հետ, հպարտ եմ ձեզանով»,-ասել է ոստիկանության պետը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ