13 08 2018

Պաշտպանության նախարարն Արցախում է

Պաշտպանության նախարարն Արցախում է

Հայկական երկու Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի ուղեկցությամբ, եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ներկա գտնվել բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։

Շնորհակալություն հայտնելով անձնակազմին գերազանց ծառայության և նախորդ կիսամյակում ցուցաբերած բարձր ցուցանիշների համար, ՀՀ պաշտպանության նախարարը  մատնանշել է այն խնդիրների համալիրը, որի վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնել արդեն մեկնարկած նոր ուսումնաշրջանում` շեշտը դնելով գիտելիքների և հմտությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների վրա: Ուսումնական նոր փուլի  մեկնարկին նվիրված միջոցառումը եզրափակվել է զինանձնակազմի հանդիսավոր երթով։

Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը,  Արցախի իր պաշտոնակցի ուղեկցությամբ այցելել է նաև ՊԲ հյուսիս-արևելյան առաջնագիծ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, խրախուսել մարտական խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների։

Դավիթ Տոնոյանը ծանոթացել է նաև «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի կողմից առաջնագծում իրականացվող ծրագրերին՝ քննարկել դրանց արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր՝ ևս մեկ անգամ բարձր գնահատելով այն մեծ աջակցությունը, որ ցուցաբերում է հիմնադրամը` առաջապահ ստորաբաժանումներին տրամադրելով առաջին բուժօգնության անհատական և հատուկ մասնագիտական լրակազմեր: Ծրագրի նախաձեռնողները վստահեցրել են, որ առաջիկայում ևս հիմնադրամը կշարունակի լինել Զինված ուժերի կողքին և իր գործուն աջակցությամբ նպաստել բանակի առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ կյանքի կոչելու գործին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին մեկնարկել է 2018թ. նոր ուսումնական փուլը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ