09 08 2018

Ովքե՞ր են ֆինանսավորում ցուցարարներին բնապահպանի դեր խաղալու համար. ամուլսարցիների նամակը

Ովքե՞ր են ֆինանսավորում ցուցարարներին բնապահպանի դեր խաղալու համար. ամուլսարցիների նամակը

Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ, որոնք աշխատում են «Լիդիան Արմենիա» ընկերությունում, բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նամակում նրանք վստահեցրել են, որ այս մեկուկես ամսվա պարապուրդն արդեն իսկ էականորեն ազդել է իրենց համայնքում կյանքի որակի վրա։

«Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի և օրվա հացի: Գյուղերում արդեն փակման եզրին են մանր առևտրի կետերը, կանգնել են ձեռնարկությունների պատվերները, բազմաթիվ ծրագրեր ընդհատվել են, ու հայտնի չէ՝ կվերսկսվեն արդյոք։ Մեզանից շատերը վարկեր են վերցրել՝ երբ ունեինք նորմալ վարձատրվող և ապահովագրված աշխատանք։ Հիմա մենք կագնած ենք անորոշության և սնանկացման վտանգի առջև»,- ասված է նամակում:

Աշխատակիցների խոսքով, իրենք չեն հավատում Ամուլսարի ճանապարհը փակած ցուցարարների բնապահպանական մտահոգություններին. «Ոչ մի ազնիվ մարդ չի կարող հիսուն օր ու գիշեր հսկել վտանգ չներկայացնող ընկերության ճանապարհը, այն դեպքում, երբ անգամ մի քանի օր չաշխատելը մեզ, օրինակ, կանգնեցրել է ընտանիքը կերակրելու լուրջ խնդրի առջև։

Ովքե՞ր են ֆինանսավորում ու բառիս բուն իմաստով կերակրում այս մարդկանց այստեղ շահագրգիռ ձևով բնապահպանի դեր խաղալու համար, որտե՞ղ էին այս բնապահպանները, ինչո՞ւ հենց այսօր չեն արգելում փաստացի բնությունը փչացող այլ հանքերի աշխատանքը, և իրենց ամբողջ էներգիան ուղղել են արտասահմանյան լավագույն ընկերության դեմ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գյուղերում ամեն մարդ շատ լավ գիտի, ու ժամանակն է, որ կառավարության հետաքննությունը ևս դրանք պարզի ու սադրիչներին պատժի ենթարկի»

Նամակում աշխատողները Նիկոլ Փաշինյանին խնդրում են գործադրել պետության ուժն ու վճռական որոշում կայացնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ