07 08 2018

Որո՞նք են Լարսի խոշոր կուտակումների պատճառները

Որո՞նք են Լարսի խոշոր կուտակումների պատճառները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը և խոշոր կուտակումների հիմնական պատճառները: Ռուս գործընկերները ներկայացրել են որոշակի վիճակագրական տվյալներ: Նրանք նշում են, որ, ի տարբերություն 2017 թվականի տվյալների, 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը: Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում այդ աճը կշարունակվի:

Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:

Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին: Ռուս գործընկերները տեղեկացրին, որ շուրջ 2 շաբաթ առաջ անցակետում տեղի է ունեցել Մոսկվայից ժամանած մի խումբ պաշտոնյաների խորհրդակցություն:

Ռուսական կողմը, ևս մտահոգ լինելով առաջացած կուտակումներով և քաղաքացիներին պատճառվող անհանգստությամբ, որոշում է կայացրել, որպեսզի շահագրգիռ բոլոր գերատեսչությունները շատ կարճ ժամկետներում ներկայացնեն առաջարկություններ, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել թողունակությունը՝ հաշվի առնելով նաև անցակետի աշխարհագրական բարդ դիրքը: Նրանց համոզմամբ՝ պետք է արդիականացվեն որոշ կանոնակարգեր և տրվեն ինժեներական լուծումներ:Հայաստանի իշխանությունները, օգտագործելով երկու երկրների միջև գործող հարաբերությունները, կփորձեն պարզել, թե ռուս գործընկերները ինչ հեռանկարային լուծումներն են նախատեսում իրականացնել:

Նշենք, որ ռուսական օրենսդրությամբ անցակետում արգելվում է վիդեո և ֆոտո նկարահանումները, ուստի հրապարակված լուսանկարում ներկայացված է ընդլայնված խորհրդակցության փոքր հատվածը: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել բոլոր այն ծառայությունների ներկայացուցիչները, ովքեր պատասխանատու են անցակետում համապատասխան գործողությունների իրականացման համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ