06 08 2018

Վերին Լարսի անցակետի հերթը քաղաքական խնդիր չէ. Փոխնախարար

Վերին Լարսի անցակետի հերթը քաղաքական խնդիր չէ. Փոխնախարար

Վերին Լարսի անցակետի հերթը զուտ տեխնիկական խնդիր է, ոչ թե քաղաքական: Այս մասին օգոստոսի 6-ին, ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տարածված տեսանյութում հայտնել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը։

«Երեկ երեկոյան ռուսական կողմից հերթը մոտ 10 կիլոմետր էր, իսկ այսօր առավոտյան որոշակի նվազում է նկատվում 2 կիլոմետրի չափով։ Կան նաև կուտակված բեռնատարներ, որոնց մինչև ուշ գիշեր բաց չեն թողել, այսօր առավոտյան են սկսել բաց թողնել: Արագ փչացող բեռներին արտահերթ են բաց թողում, որ խնդիրներ չառաջանան: Հերթում սպասում են ոչ միայն ՀՀ քաղաքացիներ, այլև ՌԴ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ, որոնք մեկնում են Վրաստան»,- ասաց Արմեն Փամբուկչյանը:

Փոխնախարարը նշեց, որ ակտիվորեն աշխատում են Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսության հետ: Փոխնախարարը պարզաբանեց նաև, որ սովորական պայմաններով 5 անցակետով բաց են թողում, 5-ով՝ ընդունում. «Ռուսական անցակետը այս պահին 10 անցակետով բաց թողում է անում, որ մի փոքր թեթևացնի հերթը, այդ պատճառով հերթ է գոյանում վրացական կողմում»:

Նշենք, որ Լարսում կրկին խնդիրներ կան թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: ՀՀ տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը այսօր մեկնել է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ