06 08 2018

Փրկարարները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Սևանա լճի տարածքում. ԱԻՆ

Փրկարարները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Սևանա լճի տարածքում. ԱԻՆ

Օգոստոսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Ինչպես տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: Նախորդ շաբաթ հրդեհների թիվն ավելացել է՝ 350 հրդեհ, որից 204-ը՝ խոտածածկ տարածքներում, այրվել է մոտ 375 հա տարածք:

Ծառայության տնօրենը նշել է նաև, որ փրկարարները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Սևանա լճի լողափերում:

Ընթացիկ աշխատանքների և եղանակային պայմանների մասին զեկուցել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը և նշել, որ մինչ օգոստոսի 9-ը կպահպանվի արդեն գրանցված ջերմաստիճանը, իսկ հյուսիսային հատվածներում կդիտվեն տեղումներ, սակայն օգոստոսի 9-ից ջերմաստիճանը մի քանի աստիճանով ևս կիջնի, և արդեն հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կգրանցվեն տեղումներ:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզ՝ մասնավորապես Սևան կատարած աշխատանքային այցի արդյունքներին՝ նշել է առկա բացթողումներն ու խնդիրները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու կառուցվածքային փոփոխություններին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ