27  07  2018

Հայտնի բլոգերը հայաստանյան այցն ամփոփող տեսանյութ է հրապարակել



Հայտնի բլոգեր Նուսեիր Յասինը, ով Նյու Յորքում է բնակվում և ճամփորդում է բազմաթիվ երկրներով, ֆեյսբուքյան իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանի մասին, սակայն այս մեկը, ի տարբերություն նախորդ տեսանյութերի, մեկրոպեանոց չէ, ավելի երկար է և ամփոփում է Յասինի հայաստանյան այցը:

Յասինը պատմում է, որ Հայաստանը մեկն է այն փոքր երկրներից, որոնց մասին շատերը չգիտեն, ԶԼՄ-ները գրեթե ոչինչ չեն հաղորդում, բայց դրանք շատ հետաքրքիր են: Բլոգերը ոգևորված պատմում է Հայաստանում արած ուշագրավ բացահայտումների մասին՝ առանձնացնելով Երևանում հաճախակի հանդիպող ցայտաղբյուրները, դպրոցներում անխտիր բոլոր աշակերտներին շախմատ սովորեցնելու պրակտիկան, ստեղծարար կենտրոններում աշակերտներին անվճար հիմունքներով ինժեներիա, դիզայն և երաժշտություն սովորեցնելու փորձը:

«Ինձ ապշեցրել է այն փաստը, որ այսքան փոքր երկիրը, որի մասին ես նախկինում ոչինչ չգիտեի, այսքան շատ է տարբերվում այլ պետություններից»,-նշում է բլոգերը: Յասինը զարմանքով է նշում, որ Հայաստանն աշխարհի հնագույն պետություններից մեկն է և քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը: «Առաջին եկեղեցիները կառուցվել են հենց այստեղ, իսկ ես այդ մասին գաղափար անգամ չեմ ունեցել»,-ասում է նա: Յասինն ընդգծում է, որ Հայաստան էր գալիս այդ երկրի մասին ոչինչ չիմանալով, իսկ այժմ հեռանում է  սիրահարված:

«Բայց սա սոսկ Հայաստանի պատմության մասին չէ, այլ բոլոր այն փոքր երկրների, որոնք ուշադրության չեն արժանանում: Չնայած քարտեզի վրա ներկայացված են աշխարհի բոլոր երկրները, այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ աշխարհը դեռ բացահայտվելու կարիք ունի»,-եզրափակում է հայտնի բլոգերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ