24 07 2018

Հասկանանք, որ փոխենք 7. 3 միլիոն վարչապետ՝ 2,5 միլիոնանոց երկրում

Հասկանանք, որ փոխենք 7. 
3 միլիոն վարչապետ՝ 2,5 միլիոնանոց երկրում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-ին Գյումրու հանրահավաքում հայտարարեց. «Ես չէ, որ պետք է նշանակվեմ վարչապետ, այլ ձեզանից յուրաքանչյուրը, որովհետև իմ վարչապետ նշանակվելը նշանակում է, որ ձեզնից յուրաքանչյուրն է ՀՀ վարչապետ։ Հակառակ դեպքում, այս ամենը որևէ իմաստ չի ունենա»։

Կարևոր հայտարարություն էր. նշանակում էր, որ յուրաքանչյուր քաղաքացու համարում է երկրի տերը, ու տիրոջ զգացում էր յուրաքանչյուրիս մեջ արթնացնում:

Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ուրեմն՝ վարչապետ է մեզնից յուրաքանչյուրը:

Իսկ ինչպե՞ս ենք մենք մեզ զգում ու պահում որպես վարչապետ, երկրի տեր ու տիրակալ:

***

Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ փողոցային առևտուրը վերացել էր: Դրա հիմքը դրեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Բավականին դժգոհություն առաջացավ հենց առևտրականներից, որոնք մի կերպ ընտանիք էին պահում: Հետո նրանք այլ գործ գտան, մի մասն էլ սկսեց ծաղիկ վաճառել, որը չէր արգելվել. ընդունեցին, որ մայրաքաղաքն այդպես սիրուն չէր: Քաղաքը, իսկ ավելի ճիշտ՝ Երևանի կենտրոնը դարձավ ավելի մաքուր ու գեղեցիկ:

Այժմ քայլեք հետհեղափոխական Երևանի գլխավոր հրապարակով կամ Հյուսիսային փողոտայով: Ժողովրդի՝ «վարչապետ նշանակվելուց» անմիջապես հետո առևտրականները, նրանց հետ՝ արևածաղիկը, բամբակը, շաքարը, կճեպը, շիրան լցվեցին հրապարակ, մայրաքաղաքի ամենակենտրոնը դարձել է պարսկական շուկա. վաճառում են ամեն ինչ, մեկն էլ իր երաժշտական ծառայություններն է մատուցում փողի դիմաց ու հսկայական դինամիկները շարած՝ սովորաբար նվագում է ռաբիս երաժշտություն, այնքան բարձր, որ հարյուր մետրից խլացնում է: Կողքերն էլ հավաքված թխամաշկ զբոսաշրջիկները նկարվում-սելֆի են անում: Ի՞նչ իմանան խեղճերը, որ հայկական բարձրարժեք մշակույթը դա չէ: Սրան պետք է միջամտեին ոստիկանները, սակայն դրա փոխարեն՝ արևածաղիկ են գնում կամ հյուրասիրվում: Ինչո՞ւ: Որովհետև հո ոստիկանը չի՞ կարող վարչապետին բան ասել, չէ՞ որ երկուսն էլ վարչապետ են, ամեն մեկն իր ուզածն է անում:

***

Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելու 18 տարիների ընթացքում վերջին 1 ամսում 4 վթարի «մասնակից» եմ դարձել: Պատճառն այն է, որ երթուղսայինի վարորդը կտրուկ կանգառ է կատարում որտեղ իրեն ձեռք են պարզել՝ անկախ այն բանից՝ կանգա՞ռ է, թե՝ ոչ: Եվ ստեղծում են վթարային իրավիճակ: Հետևից «հագնում» են կամ վարորդի լեզվով ասած՝ «մտնում մեջը»: Նա էլ է, չէ՞, վարչապետ, ո՞վ կարող է վարչապետին ասել կանգառից դուրս չկանգնես կամ ո՞վ կարող է չկանգնել, եթե վարչապետը ձեռք է պարզել:

***

Մամուլը գրեց, որ եթե նախորդ տարում ընդամենը 3 ահազանգ է եղել ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասին, ապա հեղափոխությանը հետևած երկու ամիսների ընթաց­քում ՊԵԿ-ը 15 դիմում է ստացել: Դուք կասեք, թե պարզապես հիմա ահազանգում են: Մենք կասենք՝ ոչ: Պարզապես հիմա թքած ունեն, չէ՞ որ որևէ մեկը չի կարող վարչապետից կտրոն պահանջել:

***

Քննությունից կտրված ուսանողը բողոքի ցույց է անում համալսարանի բակում և պահանջում դասախոսի հրաժարականը՝ սպառնալով, որ եթե պահանջը չկատարի՝ ռեկտորի հրաժարականը կպահանջի: Բնականաբար, վախ է մտնում արդեն ռեկտորի ու դասախոսի մեջ, քանի որ համատարած հրաժարականներ են այս ընթացքում: Ու երկրորդական է, որ ուսանողը ծույլիկ է: Առաջնայինն այն է, որ նա հեղափոխության ծանր օրերին անխնա պայքարում էր, ու առաջիններից մեկը հենց ինքն էր, ում որպես վարչապետ նկատի ուներ «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդը:

***

Կարո՞ղ եք հաշվել, թե վերջին 15 օրերի ընթացքում քանի կրակոց է հնչել Հայաստանում՝ սովորական «ռազբորկաների» ժամանակ, քանի վիրավորներ ենք ունեցել: Նոր Հայաստանում տարբեր մարդիկ յուրովի են փորձում արդարություն հաստատել, պայքարել վատ երևույթների դեմ, և երբեմն այդ «յուրովի»-ն արտահայտվում է ատրճանակն աջ ու ձախ կրակելով: Ո՞վ գիտե, գուցե փորձում են հեղափոխության ժամանակ չհնչած կրակոցների տեղը հանել:

***

Ի՞նչ եք կարծում, ոստիկանապետի վրա վարչապետի ջղայնությունը թափելուց հետո դադարեցի՞ն մայրաքաղաքում կեսգիշերային հրավառությունները: Ոչ միայն չդադարեցին, այլև շատացել են, բայց հրավառությունների հետ միասին ուշ գիշերում որոշները փորձում են հիշել «Սեր-ժիկ, հե-ռա-ցիր» ազդանշանը:

***

Քանի որ բոլորը վարչապետ են, ուրեմն բոլորն արդարադատություն իրականացնող են, և կարող են չհամբերել մինչև ԱԱԾ-ն մտնի «նախկինների» տները: Իրավական այդ կառույցից առաջ իրենք են մտնում ու առգրավում. մի դեպքում դա կարող է լինել Մանվել Գրիգորյանի և որդու տները, զուգահեռաբար մեկն էլ սպառնա Մանվել Գրիգորյանի փաստաբանին: Մեկ ուրիշի մտքով էլ կարող է անցնել ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի ամառանոցը ու այսպես շարունակ:

***

Բայց կարող է նորաթուխ վարչապետներից մեկն էլ, որ պատահմամբ ոչ թե կառավարությունում է աշխատում, այլ VLV խանութում, վարչապետի իրավունքով մերժի տեխնիկա վաճառել ՀՀԿ-ական պատգամավորին: Մեկ ուրիշը կարող է համարվել բժիշկ ու հրաժարվել ՀՀԿ խմբակցության անդամներին սպասարկումից: 

***

Եթե առաջ սովոր էինք, որ Նիվա մակնիշի ավտոմեքենաներն են երթևեկում մայթերով, հիմա ցանկացած մակնիշի ավտոմեքենայի կարող ես տեսնել մայթին կայանած: Ավելին, եթե մի ժամանակ մեքենաների վարորդները, իրավախախտում անելուց առաջ տերևով էին փակում մեքենայի համարինիշից որևէ նիշ՝ իբրև թե քամին պատահմամբ տերևը սահեցրել-հասցրել է հենց այդ հատվածը, հիմա «չորով» թղթով փակում են համարը, ու բոլորը նույն ձևի թղթեր՝ տպավորություն ստեղծելով, թե որևէ գրախանութում վաճառվում է հատուկ մեքենայի համարանիշը փակելու թուղթ: Պետք է, չէ՞, որ վարչապետի համարանիշը փակ լինի. ահաբեկչություն կա, բան կա ...

***

Այսպես կարելի է ժամերով գրել մի քանի հատոր: Բայց դրանից իրավիճակը չի փոխվի: Ինչո՞ւ: Որովհետև «Ձեզնից յուրաքանչյուրն է ՀՀ վարչապետ», «Դուք եք երկրի տերը» արտահայտությունները ոչ թե մեզ համար հիմք եղավ, որ համախմբվենք և վերականգնենք այն ամենը, ինչ կորցրել ենք, շենացնենք, այլ յուրաքանչյուրս, որպես վարչապետ, քաղաքի ու երկրի որ մասը ցանկացանք՝ սարքեցինք մեր աշխատասենյակները ու սկսեցինք վարվել ինչպես ուզում ենք, ու հաճախ՝ խոզի պես: Այն ամենը, ինչ շատերը մինչ հիմա պարզապես հնարավորություն չունեին անելու, անում են, դուխով: Կարծես նախկիններից վրեժ ենք լուծում:

Պարզվում է նաև, որ մեր երկրում բացի ամեն օր քնող ու զարթնող բազմաթիվ վարչապետներից, կան նաև ֆեյք վարչապետներ, որոնք չհասկանալով, որ այս քննադատությունները կառավարությանը միայն օգուտ են, իրենց կհամարեն կառավարության մոլի պաշտպանները ու կսկսեն իրենց պատկերը նկարել նյութի տակ, ինչպես անում են հաճախ: Ի՞նչ կարող ենք անել, իրենք էլ են վարչապետ, մենք էլ ...

 

Սևակ Հակոբյան

 

Շարքի մյուս հրապարակումները՝ հետևյալ հղումներում.

Հասկանանք, որ փոխենք 6. խոսքի ու գործի արժեզրկումը

Հասկանանք, որ փոխենք 5. Կոմպետենտության դեֆիցիտ

Հասկանանք, որ փոխենք 4. «Պոլի փետի» սկզբունքը

Հասկանանք որ, փոխենք 3

Հասկանանք որ, փոխենք 2

Հասկանանք որ, փոխենք

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ