21  07  2018

Զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում

Զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում

ՀՀ զինված ուժերի սննդակարգում փոփոխություններ են իրականացվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Զինված ուժերի թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը՝ նշելով, որ զինծառայողների սննդակարգում նորամուծություններ իրականացնում են ամեն տարի:

«Նոր ճաշատեսակների ու սննդատեսակների ավելացումներ են լինում՝ նպատակ ունենալով զինծառայողների սննդակարգում ավելի շատ ներդնել ազգային ուտեստներ: 2018 թվականին անձնակազմի սննդակարգում՝ առաջին գծում, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին պատրաստի վիճակում հատկացնում ենք թանապուր: Ռեզերվային զորամասերում, որտեղ իրականացվում է անձնակազմի կերակրումը ճաշարանային պայմաններում, հատկացնում ենք մածուն՝ թանապուր պատրաստելու համար»,- ասել է գնդապետ Մարգարյանը՝ հավելելով, որ նոր ճաշատեսակներ կան նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի չափաքանակներում: Արդեն հատկացվում է նոր՝ երեք տեսակի բուսական պահածո, որոնք լինելու են՝ լոբով, ոսպով և բրնձով ու ոսպով: Պարենային ծառայության պետը նշել է՝ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները բավականին լավ են գնահատել այդ պահածոները:

«Քաղցրավենիքի հատկացման հետ կապված նույնպես փոփոխություններ են եղել՝ ավելացվել է մեղրաբլիթ, 1 զինծառայողի հաշվարկով՝ 30 գրամ: Հուլիսից-սեպտեմբեր ամիսներին, որպես սեզոնային բանջարեղեն, զորամասերին և առաջնագծին հատկացնում ենք լոլիկ և վարունգ՝ մեկ զինծառայողի հաշվարկով՝ օրական 40 գրամ: Պլանավորում ենք նաև սեպտեմբեր ամսին խնձոր հատկացնել»,- ասել է Արա Մարգարյանը:

Անդրադառնալով զինվորին հատկացվող ուտելիքի չափաքանակներին՝ գնդապետը նշել է՝ դրանք մշակելիս հաշվի է առնվել օրվա հասանելիք կալորիականությունը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ