19 07 2018

Հպարտ քաղաքացիների երազանքների և իրականության մասին. «Հայոց աշխարհ»

Հպարտ քաղաքացիների երազանքների և իրականության մասին. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Գոյություն ունի մարդկանց կյանքի մասին վկայող հանրագումարային ցուցիչ. դա նրանց դեմքերն են, աչքերը։ Անհնար է չարձանագրել, որ մեր համաքաղաքացիների դեմքերն օրեցօր ավելի ու ավելի են մռայլվում։ Նրանց դեմքերին նայելիս այնպիսի զգացողություն է առաջանում, թե մարդը կորցրել է բոլոր ազգականներին, բացի զոքանչից։

Ընդհանուր կացությունը ավելի ու ավելի է հիշեցնում Ստրուգացկի եղբայրների «Հեռավոր ծիածան» վեպը, որտեղ պատկերված է աշխարհը աղետից հետո, ավելի ճիշտ՝ նրա վերջին րոպեները, երբ արդեն ոչինչ հնարավոր չէ փրկել։ Ոմանք տենդագին սողանցքեր են փնտրում, մյուսները՝ նույնիսկ կործանման եզրին հրմշտում արմունկներով, իսկ երրորդները՝ կա՛մ հեռանում մայրամուտից շիկնած ծով, կա՛մ էլ մռայլ դիտում իրենց վերջին երեկոյի բնապատկերը։

Մեր համաքաղաքացիներից շատերը մեծ ակնկալիքներ ունեն հեղափոխությունից։ Երազում՝ թե ինչպես կփոխվի կյանքը։ Իսկ երազանքները նման են հալյուցինացիաների։ Տարբերությունը սոսկ այն է, որ առողջ մարդը հստակ զատում է արտաքին աշխարհն իր անուրջներից, իսկ շիզոֆրենիկը՝ խառնում դրանք։ Բայց էությունը մեկն է. ցանկության բավարարում՝ հակառակ իրականության, երազանքներում, անուրջներում կամ հալյուցինացիաներում։

«Աուտիզմ» և «շիզոֆրենիա» տերմինների հեղինակ Էյգեն Բլեյլերը գրել է. «Եվ բաղձալի նպատակի լիակատար իրականացումը հազվադեպ է երջանկություն պարգևում։ Այդպիսին է իրավիճակը նաև իրական կյանքում... Կարո՞ղ է վիճակն ավելի լավ լինել հալյուցինատորային բավարարումների պարագայում»։

Մեր համաքաղաքացիների հիասթափության հիմնական պատճառը, բնականաբար, այն է, որ նրանց կյանքը ոչ մի կերպ չի փոխվում դեպի լավը։ Եվ բացարձակապես ոչինչ չի վկայում այն մասին, թե կփոխվի տեսանելի ապագայում:

Ընդհանրապես հայերը սովորաբար նայում են կյանքին փիլիսոփայորեն։ Ոմանց զուգարանակոնքը երեք հազար դոլար արժե, դիզայնով, իսկ ոմանցն էլ խորհրդային է, փայտե պայտաձև նստոցով, այն էլ՝ ճաքած։ Ոմանց ճակատագիրը հրոսակ կամ թիկնապահ դառնալն է, իսկ մյուսները հրոսակների դեմ թիկնապահներ են վարձում իրենց համար։ Ոմանք սաունա են մաքրում անգլերեն խրթին անվանումով ժամանցային շքեղ համալիրում, իսկ մյուսներն այնտեղ շոգեհարվում պոռնիկների հետ։

Մի խոսքով՝ կյանքն է այդպիսին։ Դաժան է, իհարկե, բայց տրամաբանական։ Մարդիկ մեզանում միշտ ապրել են բույսերի օրենքներով. աճեց, խշխշաց, հնձեցին։ Կյանքը մեզ մտորումների առիթ չի տալիս։ Ոչ ոք չի հարստացել խելքի շնորհիվ։

Բայց ապրիլին Փաշինյանն ու զինակիցները հույս արթնացրին մարդկանց մեջ, որ իշխանափոխության դեպքում կսկսվի միանգամայն այլ կյանք։ Մարդիկ լսում էին նրանց ճառերը, ասես աղոթք, և կրկնում սեփական խոսքերի պես, մտովի չակերտներ չդնելով։ Եվ դա պատահական չէ, քանզի երբ կրկնում ես պանծալի անձանց հետևից, չակերտ սովորաբար չես դնում։ Երբ քրիստոնյաներն արտաբերում են՝ «Գթա ինձ, Տեր, Քո մեծագույն ողորմածությամբ, և բազում շնորհներովդ մաքրագործիր իմ անօրենությունը», մի՞թե նրանք մտածում են, թե մեջբերում են Դավթի 51-րդ սաղմոսը։

Ոչ, երբ մարդն աղոթում է, դրանք բնավ ուրիշի խոսքեր չեն, այլ սեփական զգացումներն են, սեփական ցավը, զղջումը, խոստումը, այլ ոչ թե Դավթի։ Մարդը դիմում է Տիրոջը՝ «Տե՛ր, ողորմեա՜», բոլորովին չմտածելով, թե մեջբերում է երկու հազար տարի առաջ կույր աղքատի բացականչած աղերսանքը։   Սակայն աստիճանաբար քողը սկսեց ընկնել մեր հպարտ քաղաքացիների աչքերից։ Լավ, մտածում են նրանք, պաշտոններից ազատված են բոլոր «նախկինները» հարուցված են հարյուրավոր քրեական գործեր, բռնագրավված են փողերի ճամպրուկներ, նոր իշխանությունն անում է այն ամենը, ինչ խելքին փչի, ոչ ոք նրան չի խանգարում... Իսկ հետո՞։ Ինչո՞ւ կյանքը չի փոխվում դեպի լավը։

Ավելին, պետական պաշտոնները զբաղեցնում են աղանդավորներ, ընթանում է զանգվածային գրոհ ընդդեմ բոլոր հայերի համար սրբություն հանդիսացող Եկեղեցու, ռազմահայրենասիրությունը հրապարակավ հայտարարվում է շիզոֆրենիա, ապրիլյան պատերազմի հերոսները ներկայացվում են որպես անհամարժեք անհատներ, որոնք չեն գիտակցում, թե ինչ են անում, մի քանի ամիս առաջ խստորեն քննադատվող օրենքները վերահաստատվում են և այսպես շարունակ։

Եվ ամենագլխավորը. «Նոր Հայաստանի» հպարտ քաղաքացիները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ուր է տանում երկրին այս իշխանությունը։ Չէ՞ որ մինչ օրս այդպես էլ ներկայացված չէ փոքրիշատե ըմբռնելի որևէ ծրագիր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ