13 07 2018

Ոստիկանության պատասխանը՝ ՃՈ պասիվության մասին բողոքներին

Ոստիկանության պատասխանը՝ ՃՈ պասիվության մասին բողոքներին

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում բնակիչների շրջանում տարածված բողոքներին՝ ճանապարհային ոստիկանների պասիվության վերաբերյալ:

«Վերջին շրջանում մի քանի օգտատերեր բողոքում են մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին երթևեկության վիճակից և որպես «մեղավորի» նշում ճանապարհային ոստիկանների պասիվությունը։ Հարգելի քաղաքացիներ, ճանապարհային ոստիկանները ներողամիտ չեն կանոնները կոպիտ խախտողների նկատմամբ, սակայն պետք է հիշել, որ երթևեկության մշակույթը բացառապես պատժիչ գործողություններով հնարավոր չէ բարձրացնել։ Խնդիրը կլուծվի, երբ երթևեկության ցանկացած մասնակից կգիտակցի իր անձնական պատասխանատվությունն այդ մշակույթի ձևավորման գործում։ Իսկ աշխատանքի չափորոշիչ են նաև փաստական և վիճակագրական տվյալները։ Հուլիսի 2-ից 12-ը մայրաքաղաքում ՃՈ-ն իրականացրել է ծանրաբեռնված ծառայություն: Ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող գումարտակն անցած 10 օրում իրականացրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ շուրջօրյա ծանրաբեռնված ծառայություն:

Հուլիսի 2-ից 12-ը, ճանապարհային ոստիկանները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 985 արձանագրություն, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 182 տրանսպորտային միջոց: Դրանցից 38-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում: Ճանապարհային ոստիկանության ավտոքարշակը, չթույլատրված վայրերում կայանելու համար, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 128 մեքենա:

Բացի այս, հայտնաբերվել են այլ վարորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող և միտումնավոր խախտումներ կատարող վարորդներ, հատուկ և գերհզոր ձայնազդանշանային համակարգեր ունեցող, առանց համարանիշի կամ որևէ առարկայով այն փակված մեքենաներ: 

Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել նաև բարձր ձայնով երթևեկելու համար վերասաքավորած խլացուցիչներով մեքենաների վարորդները, նաև գերհզոր ձայնով երթևեկող մոտոցիկլետները: Բացատրական աշխատանք է իրականացվել նաև հետոիտների շրջանում: Նրանք հիմնականում զգուշացվել են:

Մայրաքաղաքում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի 70 կարգախմբերը, բացի զորակոչին կամ այլ զանգվածային միջոցառումներին իրականացրած ծառայություններից, օրը 3 անգամ, պիկ ժամերին, հատուկ ծառայություն են կատարել բանուկ խաչմերուկներում՝ կանոնակարգելով երթևեկությունը:Ներկայացվածը միայն Երևանը սպասարկող գումարտակի ու միայն վերջին 10 օրերի ծառայության մասին էր: Նույն ծանրաբեռնվածությամբ ճանապարհային ոստիկանները ծառայություն են իրականացրել նաև մարզերում:

Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլոր վարորդներին՝ պահպանել երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանությունը խախտումներ կատարող վարորդներին հայտնաբերելու հարցում հետևողական է»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ