12  07  2018

Եթե ոստիկանությունը մի բան գտած լիներ, ամեն անկյունից կգոռային չարաշահումների մասին. «Էլլիպս» ընկերության տնօրեն

Եթե ոստիկանությունը մի բան գտած լիներ, ամեն անկյունից կգոռային չարաշահումների մասին. «Էլլիպս» ընկերության տնօրեն

Հունիսի 21-ին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս» ընկերություններում իրականացված հատուկ գործողություններից հետո ոստիկանությունը հայտարարեց, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Ընկերությունների տնօրեննեը հանդես եկան հայտարարություններով, որ ոչ մի չարաշահում չկա, ոստիկանությունը շտապել է հայտարարություններ անելիս: Մի քանի օր հետո՝ հունիսի 25-ին Ոստիկանությունը նորից հայտարարություն տարածեց, որ գործողություններ է իրականացնում «Էլլիպս» ընկերությունում: Բայց միայն այդքանը, այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ են հայտնաբերել:

Ոստիկանության լռությունը զարմանալի է նաև «Էլլիպս Ջի Էյ» ընկերության տնօրեն Ալեքսան Զաքարյանի համար:

«Մենք էլ ձեզ պես սպասում ենք Ոստիկանության հայտարարությանը, սպասում ենք՝ տեսնենք, թե նման համարձակ հայտարարություն որ արել են, ո՞նց են տակից դուրս գալիս: Երևի շատ գործ ունեն, չեն հասցնում»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Սա հատկապես զարմանալի է թվում Զաքարյանին, քանի որ առաջին անգամ հատուկ գործողություններ իրականացնելուց հետո հայտարարությունը հրապարակվեց ընդամենը 19 րոպե հետո: «Մեզ մոտից գնացին 12-ին, հայտարարությունը հրապարակվեց 12:19-ին: Առաջին անգամ մենք կարծում էինք, որ մեր միջոցով ուզում են Սաշիկին պատժել, այս անգամ ինձ թվում է մեր մոտ Սաշիկին էին փնտրում, ինչը խիստ անհասկանալի է մեզ համար»,- ասաց նա:

Զաքարյանի խոսքով՝ երկու այցերն իրարից այդքան էլ չէին տարբերվում, եկել են, փաստաթղթերը վերցրել, գնացել:

Նա նաև նշեց, որ դրա պատճառով խափանվել է ընկերության բնականոն աշխատանքը, ոստիկանություն չեն դիմում, որ տպավորություն չստեղծվի, թե անհանգստացած են: «Իրենց այդ հայտարարություններից հետո համարյա մեկ շաբաթ ոչ մի հաճախորդ չէր մտնում, մարդիկ էլ չեն խորանում, թե ինչ է եղել իրականում: Փաստորեն՝ էս 30 տարվա մեր հեղինակությանն են վնասում»:

Անելիքների մասին ընկերության տնօրենը չշտապեց խոսել: Ինչպես ինքը նշեց, ամեն դեպքում՝ Ոստիկանության պես հապճեպորեն չեն վարվի, կսպասեն վերջնական հայտարարությունների՝ ինչ կասեն և ինչ տոնով կասեն:

Զաքարյանը նաև ավելացրեց այս լռությունը հուշում է, որ որևէ բան չեն գտել, հակառակ դեպքում ամեն անկյունից կգոռային չարաշահումների մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ