10  07  2018

Փաշինյանի որդին հերոսությո՞ւն է անում

Փաշինյանի որդին հերոսությո՞ւն է անում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զորակոչվեց բանակ: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերներից մեկի ժամանակ, որոշվել է՝ կծառայի Արցախում: Նա չմասնակցեց վիճակահանության:

Հուլիսի 9-ի առավոտվանից արդեն ամբողջ համացանցը ողողված էր վարչապետի որդու՝ բանակ զորակոչվելու կադրերով. hարցազրույցներ, խորհուրդներ ծնողներից, առաջին ճաշը հավաքակայանում և այլն:

Թվում է` նորմալ է, որ երկրի առաջին դեմքի ընտանիքի շուրջ կատարվող իրադարձությունը դառնում է հանրության քննարկման և ուշադրության արժանի թեմա: Մանավանդ որ սովորենք լսել, թե պաշտոնյաներից շատերի զավակները զանազան ճանապարհներով չեն ծառայում: Իսկ վարչապետի որդու՝ հատկապես Արցախում զինծառայությունն անցնելը բացատրվում է թե, լավ ազդակ է՝ հատկապես դրսին ցույց տալու Արցախին ՀՀ ուշադրությունն ու երաշխավոր լինելը:

Բայց կա նաև հարցի մյուս կողմը, և դա այն է, որ թեև վարչապետի տեսանկյունից մեծ անձնազոհություն է որդու՝ ինքնակամ Արցախում ծառայելը, բայց բազմահազար ծնողների համար դա սովորական երևույթ է: Անկախ այն բանից, թե վարչապետ Փաշինյանն ուր կուղարկի որդուն, բազմաթիվ ծնողներ կան, որոնք երեք որդի են ուղարկել Արցախում ծառայելու ու երբեք որևէ թերթի, կայքի եթերում չի երևացել նրանց հպարտ կերպարը: Եվ ուրեմն ինչո՞ւ նման ուշադրություն, չէ՞ որ դա ի սկզբանե անհավասարության մեջ է դնում Աշոտ Փաշինյանին և մյուսներին:

Նրա ամեն քայլը լուսաբանվում է, առանձնացվում անգամ մյուս զինծառայողների հետ ճաշելիս: Վարչապետ Փաշինյանն ինքն էլ, պաշտպանության նախարարի, որդու և մյուս զինվորների հետ ճաշեց՝ ամեն պատառ սնունդը տեսախցիկների առաջ կուլ տալով:

Ու եթե այս գերուշադրությունը մի կողմից ցույց տվեց, որ վարչապետի որդին արտոնյալ չէ, և կմեկնի բանակ, մյուս կողմից այն ազդակ էր վարչապետի որդուն ընդունող զորամասի համար, թե՝ տեսեք ով է գալիս, ձեզ ոնց պետք է պահեք: Եթե մինչ այս Փաշինյանի որդու մասին կանխագուշակումներ էին անելու ոչ հաճախ հանդիպող ազգանվան համար, ապա այժմ՝ հրամանատարները, սպաներն ու զինվորներն ունեն նրա թե նկարը, թե լիարժեք տեսանյութերն իրենց մանրամասնություններով:

Ի դեպ, հավելենք, որ Հայաստանում առաջին դեպքը չէ, երբ երկրի առաջին դեմքի որդին մեկնում է զինծառայության: Ավելին, ՀՀ որևե ղեկավարի որդի չի խուսափել զինծառայությունից, թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանի որդի՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, թե՝ Ռոբերտ Քոչարյանի որդիներ՝ Սեդրակ և Լևոն Քոչարյանները, իրենց ժամանակին ծառայել են ՀՀ զինված ուժերում: Հավանաբար, ծնողները չեն ցանկացել այդ տեսակի ուշադրության արժանացնել կամ՝ ավելորդ ուշադրությունը չընկալվի որպես պարզունակ PR հնարք:

Զարմանալի չէ, որ այս երևույթը տհաճ թվաց այսօրվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որը լրագրողներին հորդորեց այդչափ ուշադրության կենտրոնում չպահել վարչապետի որդու ծառայության մանրամասները, ապա ավելացրեց, որ իր որդին էլ մի քանի օրից կզորակոչվի, բայց ինքը նման ուշադրություն թույլ չի տա, և դա նորմալ է:

Ինչպես էլ փորձ արվի ներկայացնել վարչապետի որդու զինծառայության մեկնելը, դա սովորական երևույթ պետք է լիներ:

Իսկ որ կառավարության ղեկավարն ու անդամներ, նրանց աշխատակազմերի ներկայացուցիչների ու ընդհանրապես՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մի մասը բանակի մասին մոտիկից տեղյակ չէ, արժեր, որ հենց այդ հանգամանքն արժանանար ուշադրության, քանի որ այս պահին նրանք առավել ուղիղ օրինակ են ծառայում ապագա զինակոչիկներին՝ որպես հաջողակ ռեֆորմիստներ, հայրենասեր գործիչներ: Իսկ նրանց բոլորի փոխարեն Աշոտ Փաշինյանը չի կարող հայրենիքին պարտքը տալ:

 

Մարգարիտա Ղազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ