07 07 2018

Էջմիածնում ցուցադրվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, բայց ակտիվիստները չեն նահանջում

Էջմիածնում ցուցադրվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, բայց ակտիվիստները չեն նահանջում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Ս. Գեղարդը Միածնաէջ Մայր Տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ երեկոյան ժամերգության ավարտը:

Մինչ հավատացյալները հնարավորություն ունեն գնալու և այն տեսնելու, արդեն կարծիք է հնչում, որ Էջմիածնում ցուցադրված Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վստահաբար այն մասունքը, այն սրբությունը չէ, ինչ պետք է տեսնենք: Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել է.

«Մի քանի գեղարդեր կան, և այդ շարքում օրիգինալ Գեղարդը հայտնի չէր: Այն գտնվել է 2003-2004թթ.-ին: Այդ տարիներին գտնվեց Մայր Աթոռի պահոցում, փոշիների մեջ էր, անտեսված էր մնացել: Նախորդ հայրապետներն ունեցել են մտահոգություն, որ Հայաստանը կարող է հարձակումների դառնալ, և Գեղարդը կարող են խլել: Պատրաստվել են ևս մի քանի Գեղարդեր, կնիքներն են արել, բայց այս Գեղարդը իրական կնիքը չէ: Ես ուշադիր նայել եմ՝ այն չէ, երկու զմուռսից կնիքներ են, որ կարող էին 5-10 րոպե առաջ դնել: Արել են՝ երևի ճշմարիտ Գեղարդը թաքցնելու համար»,- շեշտեց աբեղա Առաքելյանը:

Նա ասաց, որ օրիգինալ, իսկական Գեղարդը գտնվում է Մայր տաճարի չհրկիզվող պահոցում, որտեղ է Գրիգոր Լուսավորչի աջը և այլ սուրբ մասունքներ:

Հիշեցնենք, որ երեկ Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ էր ստեղծվել: Ցուցարարները ներխուժել էին Դիվանատուն և պահանջում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ցուցարարները պահանջում էին ցույց տալ Սուրբ Գեղարդը՝ պնդելով, որ այն վաճառվել է, իսկ Արշակ Սրբազանն ասաց, որ չի վաճառվել, մի մասը նվիրվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ