06 07 2018

Ամուլսարի հարցում համաձայնություն չկայացվեց

Ամուլսարի հարցում համաձայնություն չկայացվեց

Հուլիսի 6-ին Ջերմուկ քաղաքում լարված քննարկում էր Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Մասնակցում էին մի կողմից կառավարությունը՝ վարչապետի և մի քանի նախարարի մակարդակով, մյուս կողմից էլ բանավիճող կողմերը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներն ու Լիդիանի գործունեության դեմ բողոքողները:

Վարչապետն ասաց, որ եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային այսօրվա կառավարության օրոք, ինքը չէր ցանկանա, որ նմն հանք գոյություն ունենար Ջերմուկ քաղաքի մոտակայքում: Սակայն հիմա գործի 80 տոկոսն արդեն իսկ արված է:

«Այսօր մենք ունենք իրավիճակ, որն այսպիսի տեսք ունի՝ իսկապես ահռելի ծախս է կատարվել ու կատարվել է ՀՀ կառավարության դե յուրե թույլտվությամբ ու համաձայնությամբ: Գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ է խախտվել: Դուք գիտեք, որ ստուգումներ են սկսվել, և դրանք պետք է շարունակվեն: Սակայն, անկախ ստուգումներից, այցն արդյունավետ եմ համարում, քանզի հասանք հարցի էությանը: Երկու հարց ունենք՝ հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա և հանքի հնարավոր շահագործման ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի վրա»,- ասաց վարչապետ Փաշինյանը և հավելեց, որ հանքի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի վրա, ոչ թե` էմոցիաների:

Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ իրեն, որպես վարչապետի, ասել են, որ հնարավոր է՝ ինչ-որ մարդիկ պարզապես ուզում են ստեղծել իրավիճակ, որպեսզի Հայաստանին մեծ դատական գործընթացների մեջ ներքաշեն:

Փաշինյանն առաջարկեց Ամուլսարի հանքի հարցով փորձաքննություն նշանակել՝ դրական և բացասական ազդեցությունները հասկանալու համար, ինչի շուրջ երկար բանավեճ ծավալվեց, և արդյունքում կողմերը չհամաձայնեցին:

Ի դեպ, Լիդիանի ներկայացուցիչն ասաց, որ վերջին 26 օրերին բողոքի ցույցերի արդյունքում 14 մլն դոլար է կորցրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ