22 05 2018

Հավանաբար իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է. Շառլ Ազնավուրը 94 տարեկան է

Հավանաբար իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է. Շառլ Ազնավուրը 94 տարեկան է

Մայիսի 22-ին մեծն շանսոնյե, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը տոնում է ծննդյան 94-ամյակը:

Ազնավուրն իր երգարվեստով յուրահատուկ դպրոց է ստեղծել: Նա երգում է մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին: Նրա արվեստը սիրում և գնահատում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Բայց դա նրան հեշտ չի տրվել, ինչպես նա է ասել հավանաբար իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա կորցնելու ժամանակ չունենք»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար: Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին»:

Ավանդույթի համաձայն` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձը Հայաստանում կնշանավորվի գեղեցիկ համերգով: Միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Շառլ Ազնավուրին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրան մաղթելով քաջառողջություն և անսպառ եռանդ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ