19 05 2018

Ի՞նչ պետք է անի վարորդը, եթե բողոքի ցույցերի օրերին տուգանվել է

Ի՞նչ պետք է անի վարորդը, եթե բողոքի ցույցերի օրերին տուգանվել է

ՀՀ կառավարության՝ մայիսի 17-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջարկեց համատեղ առաջարկություն մշակել արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու համար:

«Հսկայական տույժ, տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է՝ դրա հնարավորությունը չունենալու պատճառով: Մենք պետք է մեխանիզմներ մտածենք այդ պարտքը ներելու մասին»,- ասաց վարչապետը:

Մինչ կառավարությունը կմտածի տուգանքների չեղարկման ելքեր գտնելու մասին, նշենք, որ Հայաստանում տեղի ունեցած բողոքի գործողությունների օրերին երթևեկության կանոնների բազմաթիվ իրավախախտումներ են արձանագրվել, որոնք թեև ոստիկանությունը չեղարկել է, սակայն հանրությունն ամբողջական տեղեկատվություն չունի:

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 26-ին հայտարարությամբ հանդես եկավ ոստիկանությունը՝ նշելով, որ ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները:

«Խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով և կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթևեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետևանքով»,- նշված էր հայտարարության մեջ:

Տուգանքի ծանուցում ստացած վարորդների մի մասն այս հայտարարությունից ելնելով՝ համարում է, թե այդ օրերի խախտումների վարույթները չեղարկվել են կամ եթե իրենց խախտումները կապված են բողոքի ցույցերի հետ, ավտոմատ չեղարկվում են:

Այնինչ ոստիկանության թեժ գծին զանգահարելով՝ տեղեկացանք, որ վարորդը, որի տուգանքը կապված է բողոքի ցույցերի հետ, պետք է գնա ճանապարհային ոստիկանության գլխավոր գրասենյակ և դիմում գրի, թե ինչով է պայմանավորված խախտումը կամ նամակ ուղարկի ՃՈ հասցեին:

Այլապես նրա տուգանքը չի չեղարկվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ