09 05 2018

Ռազմական մեծ շքերթ՝ Մոսկվայում



Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում, տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթը։

Տոնական շքերթի հրամանատարությունը ստանձնել է ՌԴ ԶՈւ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը։

Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին մասնակցել է ավելի քան 13.000 զինծառայող, ներգրավված է 159 միավոր ռազմական տեխնիկա և ժամանակակից սպառազինություն, 75 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ։

Շքերթին ցցուցադրվել են սպառազինության նորագույն տեսակներ՝ «Корсар» և «Катран» անօդաչու թռչող սարքեր, «Уран-6» և «Уран-9» ռոբոտատեխնիկական համալիրներ, «Тор-М2» զենիթահրթիռային համալիրի մարտական մեքենա։ Ցուցադրվել են նաև «Тигр» մեքենաներ, Т-72БЗ տանկեր, «Мста-С» ինքնագնաց հաուբիցներ, «Ярс» հրթիռային համալիրներ, «Панцирь-Cl» համալիրներ և այլն։

Ընդհանուր առմամբ, ՌԴ տարածքում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու է ավելի քան 145.000 զինվորական, ներգրավվել է ավելի քան 2.300 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաև 110 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Կարմիր հրապարակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հենց խորհրդային զորքերի գործողությունների շնորհիվ նացիզմը կոտրվեց, դրվեց բարբարոսության, գազանության վերջը: «Նացիզմի կործանումը հզոր հաղթանակ դարձավ: Ներկայում խորհրդային ժողովրդի հերոսությունը փորձում են նվազեցնել: Մենք երբեք դա թույլ չենք տա»,- ասել է ՌԴ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ