12  04  2018

Բանակ չգնալու տարբերակներ՝ որոշ երիտասարդների համար

Բանակ չգնալու տարբերակներ՝ որոշ երիտասարդների համար

Կառավարությունն ապրիլի 12-ի նիստում ընդունեց կարգեր զորակոչից տարկետումների վերաբերյալ: Դրանք վերաբերում են տարբեր բնագավառների:

Սպորտի բնագավառ

Սսպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի հետևյալ պայմաններով և կարգով:

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում հետևյալ քաղաքացիները.

  1. օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղեր գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները: Սույն ենթակետում նախատեսված պայմանը կիրառելիս թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը,
  2. ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատա-ների), սամբո մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատա-ների), սամբո մարզաձևերում աշխարհի կամ Եվրոպայի պատանիների առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները,
  3. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 22 մարզիկների,
  4. օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:

Սույն կարգի 5-րդ կետում նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է չորս տարի ժամկետով, բացառությամբ Հայաստանի ֆուտբոլի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկների, որոնց տարկետում է տրվում երկու տարի ժամկետով:

 

Գիտության և կրթության ոլորտ

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումէ տրվում հետևյալ պայմաններով և կարգով.

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառների զարգացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված ոլորտներում գործունեություն իրականացնող և սույն կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում հանձնաժողովին դիմելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում՝

  1. քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների որոշ առարկայական միջազգային օլիմպիադաներում:
  2. քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայոց պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:

Նշանակալի նվաճումները հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա: Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 70, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 26 տարին լրանալու օրը:

Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետում նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքերում քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

 

Մշակույթի և արվեստի բնագավառ

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները.

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում՝

  1. կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները,
  2. կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները,
  3. միջազգային հեղինակավոր հարթակներում/բեմերում և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:

Տարկետում տրվում է երկու տարի ժամկետով:

 

Նշված բոլոր բնագավառներում տարկետման ժամկետի ավարտից հետո հնարավոր է կրկին տրվի տարկետում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ