11  04  2018

10-500 հազար դրամ տուգանք՝ կարաոկեների, ստրիպտիզ ակումբների, սաունաների և նմանատիպ օբյեկտների համար

10-500 հազար դրամ տուգանք՝ կարաոկեների, ստրիպտիզ ակումբների, սաունաների և նմանատիպ օբյեկտների համար

ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշեց, որի նպատակն է կանոնակարգել հասարակական կյանքը, սահմանել այն ծառայությունների տեսակը, որոնք սահմանափակման ենթակա են: Ըստ նրա` դրանցից որոշների տեղակայման համար սահմանափակումներ կլինեն, իսկ որոշների համար գիշերային ժամերին լռություն պահպանելու պահանջ կդրվի:

Տիգրան Խաչատրյանը թվարկեց հանրապետությունում լայն տարածում ստացած առևտրային ծառայությունների մի շարք օբյեկտների գործունեության տեսակները, մասնավորապես, «հեստապարային ակումբ», «կարաոկե», «դիսկոտեկ», «սաունա», բաղնիք և շոգեբաղնիք:

Ըստ նրա՝ այս օբյեկտների տեղակայումը կարգելվի բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

Միաժամանակ, ըստ նրա` նման օբյեկտների տեղակայմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Բացի այդ, այս գործունեության տեսակների համար կսահմանվի պետտուրք: 4 գործունեության տեսակների համար տուրքը կլինի 10-50 հազար դրամի սահմաններում, իսկ գործունեության մի տեսակի համար՝ 300-500 հազար, ստրիպտիզ ակումբների դեպքում տուգանքը կլինի ավելի խիստ, ընդ որում, կրկնվելու դեպքում կտուգանվեն 1-1.3 մլն դրամի չափով:

Ավագանին սահմանելու է այս օբյեկտների համար նաև լռության ժամը, այն կարող է լինել 22-ից կամ 24-ից մինչև առավոտյան 7-ը: Գործող օրենքով, եթե լռության ժամը խախտում էին, առաջին անգամ նախազգուշացվում էին, երկրորդ խախտման դեպքում 40 հազար դրամ տուգանվում, հիմա առաջարկում են բարձրացնել տուգանքի չափը 200-300-ապատիկ, կրկնվելու դեպքում՝ 1 մլն դրամ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկեց, որ լռության ժամերը երկարացվեն, առավոտյան 7-ը դարձնեն 9-ը, բացի այդ, երեկոյան ժամերին էլ լռությունը պետք է երկար լինի, քանի որ մարդիկ տուն են գալիս, որ հանգստանան, պարտադիր չէ, որ դառնան ուրիշի միջոցառման մասնակիցը:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ հոսթելների գործունեությունը չեք սահմանափակում, հոսթելում կարող է լինել նաև բաղնիք, սաունա, շոգեբաղնիք, եթե արգելում եք, նրա՞նք ինչու չեք արգելում: Փոխնախարարը պատասխանեց, որ սահմանափակումը տարածվում է նաև հյուրանոցային օբյեկտների վրա:

 

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն 1 տարի հետ, որպեսզի արդեն գործող օբյեկտները տեղափոխվեն օրենքով ընդունելի վայրեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ