05 04 2018

Հարց իմ հայ ընկերներին. Ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը. Ալեքսանդր Լապշին

Հարց իմ հայ ընկերներին. Ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը. Ալեքսանդր Լապշին

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը պլանավորել է ապրիլի 20-22-ը Հայաստան այցելել, Facebook-ի իր էջում մտահոգություն է հայտնել Հայաստանում զբոսաշրջությանը խոչընդոտող ծառայությունների բարձր գների հետ կապված:

«Հարց իմ հայ ընկերներին: Ասացեք՝ ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը: Օրերս տոմս էի փնտրում Երևանից Փարիզ ապրիլի վերջի համար, և բոլոր տոմսերի գները միայն մեկ ուղղությամբ սկսվում են 250 եվրոյից, և դա դեռ էժան է... Իսկ միջինը՝ մի ուղղությամբ՝ 350 եվրոյից սկսած: Հետո նայեցի տարբերակներ Թբիլիսիից, իսկ այնտեղ 130 եվրո է: Արդեն լավ է: Հետո նայեցի Քութայիսիից Wizzair-ով, իսկ այնտեղից Փարիզ մեկ ուղղությունն ընդամենը 50 եվրո է:

Ասացեք ինձ՝ ինչո՞ւ գրեթե անհնար է Երևանում օրական 50 եվրոյից ցածր գնով հյուրանոց գտնել: Ես խոսում եմ միջին՝ 3-աստղանի հյուրանոցի մասին՝ առանց ճոխության, բայց որպեսզի մաքուր լինի: Լոնդոնում 50 եվրոյով ապրում էի մոտավորապես քաղաքի կենտրոնում:

Իմ մայրը համեստ թոշակառու է… Մեկ ուղևորության համար հատկացնելով, օրինակ, 500 եվրո, նա կարող է մեկ շաբաթ հանգստանալ Փարիզում, ներառյալ հյուրանոց և տոմս, Հռոմում, Լոնդոնում, Բուլղարիայում, Իսպանիայում: Իսկ Հայաստանում չի կարող, նրա համար Հայաստան ուղևորությունը շատ ավելի թանկ է արժենում: Անհեթեթությու՞ն է: Իմ մայրը տիպիկ օրինակ է այն բանի, որ օտարերկրացի զբոսաշրջիկները Հայաստանի նկատմամբ ամենայն համակրանքով անգամ ստիպված են իրենց հանգստի համար ընտրել այլ ուղղություն:

Օրինակ Բաթում գնացող զբոսաշրջիկները տարածաշրջանում որպես երկրորդ ուղղություն Հայաստանի փոխարեն նախընտրում են Թուրքիան, ու պատճառը ոչ թե այն է, որ Հայաստանը պակաս հետաքրքիր է կամ Թուրքիան ավելի մոտ, այլ այն, որ Թուրքիայում ծառայությունները շատ ավելի լավն են ու մատչելի:

Ու ահա թե ինչն է անհասկանալի: Հայաստանն իր հսկայական զբոսաշրջային ներուժով կարող էր գրավել միլիոնավոր զբոսաշրջիկների և զբոսաշրջության վրա աշխատել միլիարդավոր դոլարներ, որոնք այդքան անհրաժեշտ են տնտեսությանը: Բայց գործնականում Վրաստան տարեկան այցելում է 7 մլն հյուր, իսկ Հայաստան՝ 1.5 մլն: Պարզապես վրացիները ստեղծել են զբոսաշրջության զարգացման համար բոլոր պայմանները…

Առանձին կխոսեմ Հայաստանի ներքին տրանսպորտի մասին: Այն վատն է: Երևանում մի քանի անկանոն ավտոկայաններ կան, որտեղ շատ դժվար են արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Համացանցում հնարավոր չէ գտնել ավտոբուսների երթուղիները դեպի այլ շրջաններ, հասկանալի չէ՝ ինչ արժեն գնացքի տոմսերը, ինչպես հասնել ինչ-որ եկեղեցուց լեռներ: Ամբողջ հույսը միայն հայերի հյուրընկալության և բարեսրտության վրա է: Հիշում եմ, մի քանի տարի առաջ ինքս էլ մնացել էի Գորիսում և երկու ժամ Տաթև տանող փոխադրամիջոց էի փնտրում: Տաքսիստները, տեսնելով, որ զբոսաշրջիկ եմ, թանկ էին վերցնում: Արդյունքում ինձ տեղ հասցրին այլ զբոսաշրջիկներ, որոնք իրենք էլ մոլորվել էին, բայց գոնե մեքենայով էին: Իսկ մի անգամ, երբ ուզում էի Երևանից Գյումրի գնալ, մեկ ժամ նստած էին մեքենայում ու սպասում էի, երբ է վարորդը լցնելու բոլոր նստատեղերը: Գումարած դրան՝ բավարար չեն անգլերենով ցուցումները, և եթե դուք չեք խոսում հայերեն կամ գոնե ռուսերեն, ապա շատ դժվար է:

Զբոսաշրջությունը ոչ ոք հո չի՞ խանգարում զարգացնել: Ինչու՞ երկիր չեն բերում եվրոպական բյուջետային ավիաընկերություններ՝ թույլատրելով նրանց թռչել, օրինակ, Գյումրիից: Դա զգալիորեն կավելացներ զբոսաշրջիկների հոսքը, բացի այդ, թույլ կտար Հայաստանի քաղաքացիներին էժան և հարմարավետ ճամփորդել արտասահման: Ու բացի այդ, հնարավորություն կտար տասնյակ հազարավոր մարդկանց ունենալ արժանավայել աշխատանք՝ լավ աշխատավարձով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ