03 04 2018

Ազգային ժողովը հետ ուղարկեց կառավարության «շարադրությունը»

Ազգային ժողովը հետ ուղարկեց կառավարության «շարադրությունը»

ԱԺ պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովին չբավարարեց ամանորյա տոների կրճատման օրինագծի վերաբերյալ կառավարության ներկայացուցիչի փաստարկները և ներկայացված հիմնավորումները։ Օրինագիծն ուղարկվեց լրամշակման։ Ապրիլի 3-ին՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստին, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին։

Համաձայն վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած օրինագծի՝ առաջարկվում է չեղարկել նախածննդյան տոները՝ հունվարի 3–ը, 4–ը և 5–ը հայտարարելով աշխատանքային օրեր։ Օրինագիծը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը։

Փոխնախարարը ելույթը սկսեց լեզվաբան Հրաչյա Աճառյանի խոսքերով, որ «տոնը» հայկական բառ է և նշանակում է հանրային ելույթ՝ հանդիսավոր օր։ Դրա հետ մեկտեղ, փոխնախարարը նշել է, որ ազգային են կոչվում այն տոները, որոնք հայտնվել են վաղ անցյալում։ Այս օրինագծի ընդունումը, նրա խոսքով, պայմանավորված է օրացույցում միայն ազգային տոները թողնելու ցանկությամբ:

Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից, իսկ այս օրինագծի ընդունումը նպատակաուղղված է պետության սոցիալ–տնտեսական և ֆինանսական համակարգի նորմալ կենսագործունեության ապահովմանը։

Փոխնախարարի ելույթը և ներկայացված հիմնավորումները առաջ բերեցին ոչ միայն ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի, այլ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի տարակուսանքը: Վերջինս օրինագիծը դպրոցական շարադրություն անվանեց:

Ի վերջո, մշտական հանձնաժողովն առաջարկեց հետաձգել օրինագծի քննարկումը և կրկին քննարկել դրա լրամշակումից հետո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ