20  02  2018

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին: Այս մասին հայտնում է նախագահի լրատվականը:

Բարձրաստիճան հոգևորական և աշխարհական 24 անդամներից կազմված խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ատենապետերը` Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքները: 

«Ես միշտ հիշում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայ իրականության մեջ երբևէ եղած և անընդհատ գործող ամենահին կառույցն է և այդ ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ուղղակի անփոխարինելի վաստակ է ունեցել մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում: Թիկունքում ունենալով, իհարկե, այդպիսի փորձառություն՝ ես վստահ եմ, որ դուք միշտ քայլեր եք անում, որոնք ընկալելի և ընդունելի են մեր հավատացյալ ժողովրդի համար: Վստահ եմ՝ դուք տեսնում եք, որ աշխարհը շատ արագ է զարգանում, և այդ ընթացքում մարտահրավերների հետ միասին նաև հնարավորություններ են ստեղծվում: Իհարկե, որպեսզի մենք այդ հնարավորությունները կարողանանք ի շահ մեր պետության և ժողովրդի գործադրել, պետք է կարողանանք դիմակայել այդ մարտահրավերները: Վստահ եմ, որ ձեր կողմից արվող քայլերը նաև հենց դրան են ուղղված: 

Կցանկանայի, Վեհափա՛ռ Տեր, Խորհրդի հարգելի՛ անդամներ, տեղեկանալ նիստի օրակարգի, քննարկվող հարցերի և, իհարկե, ձեր նկատառումների մասին,հատկապես, Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների հետ կապված: Այդ նկատառումները մեզ համար շատ կարևոր են: Իհարկե, մենք ազատ ենք քննարկելու տարբեր հարցեր՝ նկատի առնելով, որ մեր նախորդ հանդիպումից հետո բավականին ժամանակ է անցել: Մեկ անգամ ևս սիրով բոլորիդ ողջունում եմ այստեղ»,- հանդիպման սկզբում ասել է Հանրապետության նախագահը և թեյի սեղանի շուրջ քննարկել հանդիպման մասնակիցների հետ համազգային հարցեր, պատասխանել նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Հանրապետության Նախագահը ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգևներ է հանձնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:  

Հաղորդագրությունն ամբողջությամբ և հանդիպման լուսանկարները՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ