24  01  2018

Ընկերությունների մասնավորեցման և կառավարման գործընթացները լինելու են բաց, թափանցիկ և հրապարակային. Արման Սահակյան

Ընկերությունների մասնավորեցման և կառավարման գործընթացները  լինելու են  բաց, թափանցիկ և հրապարակային. Արման Սահակյան

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված 47 ընկերություններից  12-ն առողջապահական ոլորտից են, որոնցից 11-ը գործել են ՀՀ առողջապահության նախարարության, իսկ 1-ը՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ: Տասնմեկ ընկերություններից 10-ի բաժնետոմսերը ևս  հանձնվել են վարչության տնօրինմանը:

Պետական գույքի կառավարման վարչությունում խորհրդակցություն է հրավիրվել Մասնավորեցման  ցանկում  ընդգրկված առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու ընկերություններն ապապետականացման նախապատրաստելու հարցեր:

«Ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման գործընթացի կազմակերպումն ինքնանպատակ չպետք է լինի: Հատկապես առողջապահական ոլորտի ընկերությունների դեպքում արդեն իսկ պարզ է, որ անհրաժեշտ է կատարել հսկայական ծավալի աշխատանք: Յուրաքանչյուր բուժհաստատության պետք է ցուցաբերվի յուրովի մոտեցում՝ ճիշտ ընտրվի մասնավորեցման ձևը, կիրառվող գործիքակազմը և այլն: Հաշվի առնելով, որ այս ընկերություններն ունեն սոցիալական ուղղվածություն և դրանց մասնավորեցումն ուղղակիորեն ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն ևս պետք է լինեն առավել հրապարակային»,- ասել է պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ հաշվի առնելով հանրային լայն հնչեղության հարցի կարևորությունը, նախատեսվում է առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցման շուրջ քննարկումներ կազմակերպել նաև ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում, ինչը լրացուցիչ հարթակ կհանդիսանա արդյունավետ որոշումների կայացման համար:

«Առողջապահական ոլորտի ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել դրանց գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը, առավել ևս՝ որևէ կերպ նվազեցնել գործունեության հանրային օգտակարությունը, այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով: Եվ այս պահանջը պարտադիր ամրագրվելու է  առողջապահական ոլորտի մասնավորեցման պայմանագրում՝ որպես գլխավոր նախապայման: Այն պահպանելու է ընկերության իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից»,- ասել է Արման Սահակյանը:

Պատասխանելով բուժհաստատությունների ներկայացուցիչների հարցերին, կառույցի ղեկավարը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ պրոֆիլների պահպանության, սոցիալական պատասխանատվության հարցերն առաջնահերթ են և յուրաքանչյուր ընկերության կցուցաբերվի առանձնահատուկ մոտեցում, իհարկե քննարկումներ կլինեն  նաև ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Այս ոլորտում կարևորվում է պետության դերը նաև ընկերությունների մասնավորեցումից հետո, հատկապես  ծառայությունների մատուցման բնագավառում՝ սակագնային, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց վճարների տրամադրման քաղաքականության  մշակման հարցերում:

Արդեն իսկ ընթացքի մեջ են ընկերությունների ակտիվների և պարտավորությունների գնահատման աշխատանքները: ՊԳԿ վարչության պետը հույս է հայտնել, որ ընկերությունները կարճ ժամանակում խոչընդոտները վերացնելու և խնդիրներն արագ լուծելու քայլեր կձեռնարկեն: Յուրաքանչյուր ընկերության գույքի գնահատումն ավարտելուց հետո շրջանառության է դրվելու ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

«Ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական, բուն մասնավորեցման և առհասարակ կառավարման գործընթացները  լինելու են  բաց, թափանցիկ և հրապարակային: Սա է մեր Վարչության աշխատաոճը և հատկապես առողջապահական հաստատությունների դեպքում շարունակելու ենք առավել հրապարակային ու թափանցիկ լինել» ,- ասել է Արման Սահակյանը:  

Այս մասին հայտնում է պետգույքի կառավարման վարչությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ