12  01  2018

Թուրքմենստանում սև մեքենաներն են արգելվում, Վրաստանում՝ ղեկի տեղափոխությունը, Հայաստանում՝ աջ ղեկով մեքենաների ներմուծումը

Թուրքմենստանում սև մեքենաներն են արգելվում, Վրաստանում՝ ղեկի տեղափոխությունը, Հայաստանում՝ աջ ղեկով մեքենաների ներմուծումը

Նախորդ տարին ավարտվեց, իսկ նորը սկսվեց նույն բողոքի ակցիաներով՝ աջ ղեկով մեքենաների որոշման հետ կապված: Հունավարի 11-ին ի վերջո, կառավարությունը ընդունեց աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելող որոշումը: Իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ որպես հիմնավորում բերեց վիճակագրական տվյալներ: 

Ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների, աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների քանակը տոկոսային հարաբերությամբ մոտ 28 տոկոսով ավելի է, իսկ վթարներից վիրավորների քանակը մոտ 39 տոկոսով է ավելի, ինչը շատ բարձր թիվ է: Թվերը տարակարծությունների տեղիք տվեցին, շատերը չհավատացին վիճակագրությանը, բայց փաստը արձանագրվեց՝ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են երթևեկության համար, որոշումն էլ ընդունվեց:

 

Պարզվում է՝ աջ ղեկով մեքենաները գտնվում են նաև Վրաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: Բայց այստեղ ոչ թե արգելում են ներմուծել, այլ հունվարի մեկից արգելվել է աջակողմյա ղեկով մեքենաներում ղեկի տեղափոխությունը: Այն մեքենաները, որոնց ղեկն արդեն տեղափոխված է, տեխնիկական զննում են անցնելու մյուս մեքենաների հետ հավասար պայմաններով:

Միաժամանակ աջ ղեկով մեքենաների հանդեպ որևէ այլ լրացուցիչ պահանջ չի ներկայացվում, լուսարձակների լուսավորության կարգավորումից բացի։ Արդեն հայտնել են, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը Վրաստանում պարտադիր է դառնալու 2018-ի հունվարի 1-ից։

Աջակողմյա ղեկով մեքենաների հայաստանցի սեփականատերերը այլևս չեն կարողանա Վրաստանում մեքենաների ղեկը աջից ձախ տեղափոխել այնպես ինչպես նախկինում էին անում անհրաժեշտության դեպքում։

 

Իսկ ահա Թուրքմենստանի իշխանությունների ուշադրության տիրույթում հայտնվել են սև մեքենաները: 2018-ի հունվարից Թուրքմենստանում արգելվում է սև մեքենաների շահագործումը: Երկրի իշխանություններն արգելել էին սև մեքենաների ներմուծումը 2015-ին, և արդեն դրանք տարհանում են փողոցներից ու տանում ճանապարհային ոստիկանության տուգանային կայաններ:

Նոր պահանջների ուժի մեջ մտնելը հանգեցրել է այն բանին, որ մեքենաների գույնը փոխելու ծառայությունը ավտոսպասարկման կետերում թանկացել է 2 անգամ:

Զավեշտն այն է, որ իշխանությունները չեն կարողանում բացատրել, թե ինչու են նման որոշում կայացրել: Միակ պատասխանն այն է, որ հարկավոր է գնել սպիտակ մեքենաներ, քանի որ «սպիտակ գույնը հաջողություն է բերում»:

Ի դեպ, սպիտակը երկրի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի սիրած գույնն է, և նա սնոտիապաշտ է:

 

Ստացվում է՝ կառավարությունները տարբեր են, նախասիրությունները նույնպես, որոշումների հասցեատերեն ու հետևանքների կրողը անփոփոխ՝ երկրի քաղաքացիները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ