30  12  2017

Հովհաննես Չեքիջյանը` Հայաստանի ազգային հերոս

Հովհաննես Չեքիջյանը` Հայաստանի ազգային հերոս

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 30-ին անվանի դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին  շնորհել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում`  հանձնելով Հայրենիքի շքանշան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ժողովրդական արտիստ Հովհաննես Հարությունի Չեքիջյանին շնորհել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով Հայրենիքի շքանշան»,– ասված է նախագահի հրամանագրում:

Խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 23-ին: Սովորել է Սեն Միշել վարժարաններում, 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961թ.`   ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ժան Ֆուռնեի դիրիժորական դասարանում: Չեքիջյանը 1944-1951թթ. ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» և բարեգործական հաստատությունների այլ երգչախմբերը: 1947թ. նա Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, 1957թ.-ից՝ իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958-1961թթ.՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը:

1961թ. Չեքիջյանը հայրենադարձել է և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:  Նույն թվականին Չեքիջյանի ղեկավարությամբ Երևանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երևույթ: 1982-1987թթ. Չեքիջյանը միաժամանակ Երևանի օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է եղել:

Չեքիջյանը ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախումբ (ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոնի և այլն):

 

Yerevan.Today-ի՝  «Առավոտյան սուրճ» հաղորդման՝ Հովհաննես Չեքիջյանի մասնակցությամբ թողարկումը՝ այստեղ

Հիշեցնենք, որ նախագահն Ազգային հերոսի կոչում շնորհել էր նաև սեպտեմբերի 21-ին՝ Էդուարդո Էռնեկյանին:

Ազգային հերոսներն այժմ 17-ն են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ