09  12  2017

Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է

Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է

ՄԱԿ նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: 2003 թվականի այդ օրը մեքսիկական Մերիդա քաղաքում անցկացված բարձր մակարդակի Քաղաքական համաժողովը բացվեց՝ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի Կոնվենցիան ստորագրելու համար: Այն ընդունվել էր 2003 թվականի նոյեմբերի 1-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից:

Ըստ Calend-ի, փաստաթուղթը ստորագրող պետությունը պարտավորվում է քրեական հանցագործություն համարել կաշառքը, բյուջետային միջոցների հափշտակումը և կոռուպցիոն եկամուտների լվացումը: Կոնվենցիայի դրույթներից մեկի համաձայն, անհրաժեշտ է վերադարձնել միջոցներն այն երկրներին, որտեղից դրանք ստացվել են կոռուպցիայի արդյունքում:

2003 թվականի Կոնվենցիան նման առաջին փաստաթուղթն է: Այն կարևոր է հատկապես այն երկրների համար, որտեղ բոլոր կառույցների կոռումպացվածությունը վնաս է հասցնում ազգային բարեկեցությանը:

Հայաստանում կոռուպցիայի վիճակի առումով 2017թ․ գրանցվել է փոքրիկ առաջընթաց։ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ ընդունվել են մի շարք հակակոռուպցիոն օրենքներ՝ ազդարարման համակարգի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին, բայց խոսքն ու գործը նույնը չեն: 2016թ․ հրապարակված «կոռուպցիայի ընկալման համաթիվը» հուսադրող չէ: Եթե 2011-13թթ. Իրավիճակը դրականորեն էր փոխվում, ապա 14-ից սկսած՝ դեպի վատը:

Այդ պատճառով Հայաստանը հայտնվում է բացասական վերաբերմունքի ներքո, և մեր երկրին սկսում են զգուշությամբ վերաբերվել, ինչպես, օրինակ, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրաժարվեց ծրագրեր իրականացնել Հայաստանում կամ ԵՄ երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը Հայաստանին ներառեց «մոխրագույն ցուցակում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ