07  12  2017

Հունվարի 1-ից առ այսօր ՀՀ տարածքում գրանցվել է 193 երկրաշարժ

Հունվարի 1-ից առ այսօր ՀՀ տարածքում գրանցվել է 193 երկրաշարժ

2017 թվականին հունվարի 1-ից առ այսօր ՀՀ տարածքում գրանցվել է 193 երկրաշարժ, որոնցից 26-ը` 3 բալ և ավելի ուժգնությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության և անվտանգության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը:

«Ամենաուժեղ երկրաշարժը ունեցել է 5 բալ ուժգնություն, որը գրանցվել է այս տարվա փետրվարի 28-ին Կապան քաղաքից ոչ հեռու: Նույն ժամանակահատվածում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է 16 երկրաշարժ, որոնցից 2-ը` 3 բալ ուժգնությամբ: ՀՀ և ԱՀ բնակչության կողմից զգացվել է 21 երկրաշարժ»,- ասաց նա:

Ըստ Պետրոսյանի` սեյսմիկ պաշտպանության ազգային բազմապարամետրային դիտացանցն այսօր ունի 153 դիտակայան, տվյալները շուրջօրյա գրանցվում, հավաքվում են Տվյալների մշակման վերլուծության և մեկնաբանման միասնական կենտրոնում: Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի և Արցախի տարածքից դեպի արևելք և հարավ-արևելք ընկած հատվածներում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանի փոխանվմամբ էլ Երևանը 7-8 բալ սեյսմակայունությամբ է կառուցված, եթե 8-9 բալանոց երկրաշարժ լինի՝ սեյսմիկ ուժը 4 անգամ ավելի կլինի, քան նախագծով նախատեսված է:

Ճապոնական «Ջայկա» ընկերության կանխատեսումներով՝ եթե Գառնու շրջանում ուժեղ երկրաշարժ լինի, ապա ցերեկվա դեպքում Երևանում կզոհվի 100.000 մարդ, եթե գիշերը լինի՝ 250.000 մարդ:

«Մյուս կողմից մենք շատ մոտավորապես հաշվարկել ենք, որ կան շենքեր, որ պետք է քանդվեն, կան շենքեր, որ պետք է ուժեղացվեն, դրանք 111 սերիայի շենքեր են (111 սերիայի շենքերը կարկասային շենքներն են, հիմնականում 9 հարկանի): Սպիտակի երկրաշարժից հետո հանձնաժողովը որոշեց, որ որոշ սերիաներ պետք է հանվեն, քանդվեն, ապահով չեն, իսկ որոշ սերիաների շենքերի էլ պետք է կոնստրուկտիվ լուծումներ տալ, ուժեղացնել, որ հետո բավարարեն պահանջները: Այնպես որ, այս բալականությունը, որ վերանայել ենք, ներկայում, կարելի է ասել, որ ՀՀ-ն լիովին միջազգային պայմաններին տիրապետող, սեյսմակայուն շինարարության ուժեղացման, վերականգնման, նորմատիվ- տեխնիկական դաշտ ունի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Երևանին, ապա շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդականի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին նոր շենքեր են կառուցվել՝ մոտ 10-15 տոկոս: Գնալով այդ սեյսմավտանգությունն իջնում է՝ նոր շինարարություններով պայմանավորված: Ներկայիս կառուցված շենքերը լիովին համապատասխանում են սեյսմիկ վտանգին: Նոր շենքերի 90 տոկոսը մոնոլիտ կարկասային շենքերն են, որոնք շատ սեյսմակայուն են:

Նրա գնահատմամբ՝ հաշվարկելով Հայաստանի ներկայիս բնակֆոնդը, սեյսմակայունությունը լիովին ապահովելու համար մոտավորապես 32-35 մլրդ դոլարի ներդրում պետք է արվի: Հաշվել են, թե քանի բազմաբնակարան շենք կա, դրանց ուժեղացման համար մեկ քմ-ին անհրաժեշտ է 140-180 հազար դրամ: Քանի որ բազմաբնակարան շենքերի 40 տոկոսը Երևանում է, հաշվել են, որ 12-15 մլրդ դոլար էլ պետք է Երևանում սեյսմակայունությունն ապահովելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ