09  11  2017

Ուսանողները դժգոհ են վարչապետի հետ հանդիպումից

Ուսանողները դժգոհ են վարչապետի հետ հանդիպումից

Արդեն երրորդ օրը շարունակվում է տարկետման սահմանափակման դեմ ուսանողների բողոքի ակցիան: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները այս անգամ իրենց պահանջները հասցեագրեցին կառավարության ղեկավարին: Կառավարության շենքի մոտ մի քանի ժամ սպասելուց հետո ի վերջո Կարեն Կարապետյանը նրանց ընդունեց: Քննարկմանը մասնակցել են նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ նախապես պայմանավորվածություն է եղել հանդիպել վարչապետի հետ, սակայն ներկա են եղել նաև պաշտպանության և ԿԳ նախարարները:

Վարչապետի, նախարարների հետ ուսանողները համաձայնության չեն եկել, և վաղը 9:30-ից շարունակելու են իրենց դասադուլը:

Ուսանողների փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանն առաջարկել է գրավոր առաջարկություններ ներկայացնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո: Ուսանողների ներկայացուցիչները, սակայն, գտնում են, որ օրենքն այս ձևով չպետք է ընդունվի, հետևաբար` մերժել են կառավարության առաջարկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ